Պետրոսյանը «գիշերօթիկների» հարցը խեղաթյուրում է. նախարարի խորհրդական

ԱԺ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը երկու օր է աղաղակում է՝ “գուժելով” որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը “լուծարում է գիշերօթիկները”: Այս հայտարարությանն արձագանքել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Օլյա Ազատյանը:

 

«Նախկինում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Գևորգ Պետրոսյանը փաստորեն նույնիսկ ի պաշտոնե չի իմացել, որ գիշերօթիկները կրթական հաստատություններ չեն, կրթական ծրագրեր չեն իրականացնում: Եվ հենց դա է պատճառը, որ գիշերօթիկները որպես խնամքի հաստատություններ գործում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներքո դեռ 2007-ից: Պարոն Պետրոսյանը հարցը խեղաթյուրում է՝ շրջանակելով այն որպես գիշերօթիկների լուծարման հարց:

Իսկ ի՞նչ է կատարվում իրականում:

 

Իրականում հարցը պետք է դիտարկել հատուկ հաստատությունների ապաինստիտուցիոնալացման դաշտում: Ապաինստիտուցիոնալացումը հատուկ հաստատությունների վերացումն է ու բնակիչների աստիճանական տեղաբաշխումը հասարակությունում կամ իրենց տանը: Դա ուղեկցվում է համայնքային ծառայությունների զարգացմամբ, որոնք նպաստում են անձի՝ հասարակության մեջ ներառմանն ու մատուցում են անհատական համապատասխան աջակցություն, համակարգում են այնպես, որ մարդը կարողանա ապրել իր ցանկություններով: 

 

Հատուկ հաստատությունները զրկում են անձանց մարդու հիմնարար ազատություններից, մեկուսացնում հասարակությունից, ճնշում են անհատական ընտրությունը, սահմանափակում անձի՝ արտահայտվելու իրավունքը:

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՀՀ-ում երեխաների խնամքի և պաշտպանության չորս գիշերօթիկ հաստատություններում կատարել է երեխաների և ընտանիքների խորը գնահատում, ըստ որի, ընդհանուր առմամբ 260 երեխաներից միայն շուրջ 20 երեխայի դեպքում է, որ մասնագետները նպատակահարմար չեն համարում երեխաների գտնվելը կենսաբանական ընտանիքներում, մյուս բոլոր դեպքերում երեխաները կարող են ապրել իրենց ընտանիքներում աջակցության պարագայում՝սկսած ավելի փոքր և զուտ նյութական աջակցությունից մինչև ավելի երկարաժամկետ ու համալիր աջակցություն։ Այսինքն, երեխաների շուրջ 92 %-ը հաստատությունում է գտնվել ընտանիքի սոցիալ-տնտեսական վատ դրության և դրանից բխող հետևանքների արդյունքում։

 

Նախարարության դիրքորոշումն այն է, որ պետության աջակցությունը դրա կարիքն ունեցող երեխային չպիտի պայմանավորված լինի նրա՝ հաստատությունում գտնվելու փաստով։ Աջակցությունը և խնամքի ծառայությունները երեխան պետք է ստանա իր ընտանիքում գտնվելով, և պետությունը շարունակելու է աջակցությունը տրամադրել երեխաներին՝ առանց նրանց կտրելու իրենց ընտանիքներից։

 

 2020-ից նախատեսվում է կես միլիարդ ՀՀ դրամ հատկացնել անհրաժեշտ խնամքի ծառայություններ տրամադրել ՀՀ բոլոր մարզերում շուրջ 4000 երեխաների և նրանց ընտանիքներին՝ ծառայությունների ծածկույթ ապահովելով նաև այնպիսի բնակավայրերում, որտեղ նման ծառայություն դեռևս գոյություն չունի:

Պարոն Պետրոսյանը, խեղաթյուրելով հարցը, հանդես չի գալիս և չի ներկայացնում հարցը երեխայի լավագույն շահի տեսանկյունից: Ուրեմն ի՞նչ և ո՞ւմ շահն է ներկայացնում ԲՀԿ, խիստ հետադիմական հայացքներով այս բարոյախրատ պատգամավորը», - ասված է նրա գրառման մեջ:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ