Փաշինյանը հանձնարարել է շարունակել հայտնաբերել «կեղծ» նպաստառուներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2020 թ. պետական բյուջետային հատկացումների հայտը:
Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից։
Վարչապետը նշել է, որ պետական գերատեսչությունների՝ 2020 թ. բյուջետային հայտերը դիտարկելիս պետք է հաշվի առնել 2019 թ. միտումները և հաջորդ տարվա համար որոշակիորեն հավասարակշռել ընթացիկ ու կապիտալ ծախսերը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրել է ընթացիկ տարում զբաղվածության ապահովման, աշխատանքի խրախուսման, նպաստների համակարգի արմատական բարելավման, տարեցների և երեխաների խնամքի կազմակերպման կենտրոնների բարեփոխման, թափուր աշխատատեղերի համալրման, սոցիալական աջակցության ոլորտներում իրականացված և ընթացիկ աշխատանքները: Խոսելով տարեցների խնամքի կենտրոնների բարեփոխման մասին՝ Զարուհի Բաթոյանը նշել է, որ հաջորդ տարի նախատեսվում է պիլոտային ծրագիր իրականացնել «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում և մատուցվող ծառայություններն արտապատվիրակել մասնավոր կազմակերպությանը:
Ինչ վերաբերում է երեխաների խնամքի կենտրոնների հետ կապված գործընթացներին, ապա նախարարությունը շարունակելու է ներկայիս քաղաքականությունը, որի շրջանակում նախատեսվում է մատուցել ցերեկային խնամքի ծառայություններ, կարիքների գնահատման հիման վրա ձևավորել զարգացման կենտրոն՝ կրթական բաղադրիչի գերակայությամբ և մասնավոր հատվածին ներգրավել ծառայությունների մատուցման գործում: Նշվել է, որ, ուսումնասիրությունների համաձայն, ներկայիս գործող կենտրոններում, որոնց մի մասն արդեն լուծարվել է, ավելի շատ աշխատակից է գրանցված, քան երեխա, և նախատեսվող բարեփոխումները հնարավորություն կտան անհամեմատ ավելի շատ երեխաների օգտվել այդ ծառայություններից, քան ներկայում:
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է վերոնշյալ ոլորտներում իրականացվող բարեփոխումներին և մի շարք հանձնարարականներ տվել հետագա անելիքների մասով: Մասնավորապես, խոսելով նպաստների համակարգի կատարելագործման մասին՝ կառավարության ղեկավարն նկատել է, որ այդ համակարգը պետք է հնարավորինս խրախուսի աշխատանքը, ինչպես նաև կարևոր է քաղաքացիների պատշաճ, շարունակական իրազեկումը բարեփոխման արդյունքում ստեղծվող հնարավորությունների մասին:
Երեխաների խնամքի զարգացման նոր կենտրոնների առնչությամբ վարչապետն ընդգծել է՝ առաջնահերթություն պետք է լինի պատշաճ կրթություն ապահովելը, և պետք է գնալ ծառայությունները մասնավոր կազմակերպություններին արտապատվիրակելու ճանապարհով:
Նիկոլ Փաշինյանը նաև հանձնարարել է շարունակել աշխատանքը «կեղծ» նպաստառուների հայտնաբերման, կենսաթոշակների՝ անկանխիկ վճարման գործընթացի շրջանակի ավելացման, աշխատանքի և սոցիալական ոլորտում թվային տեխնոլոգիաների կիրառումն ընդլայնելու ուղղությամբ, ինչպես նաև «Աշխատիր Հայաստան» ծրագրի արդյունավետ և նպատակային իրականացման ուղղությամբ:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև տարեվերջ ներկայացնել ոլորտի զարգացման ռազմավարությունը: