Խախտումներ Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը եւ կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ Կենտրոն) կատարած մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրած խնդիրների վերաբերյալ կազմել են մանրակրկիտ վերլուծական տեղեկանք:

 

Գրությամբ բարձրացվել են հետեւյալ հիմնական խնդիրները.

 

Պահման պայմաններն անբավարար են՝ գերբնակեցվածություն, վերանորոգման եւ բարեկարգման աշխատանքների անհրաժեշտություն, կողապահարանների բացակայություն, լոգանքի կազմակերպման խնդիրներ, հիգիենիկ պարագաների բացակայություն եւ այլն,

Տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար Կենտրոնում բացակայում են հարմարեցվածությունները,

Տրամադրվող սննդի քանակական եւ որակական չափանիշներն անբավարար են,

Պատշաճ չի ապահովվում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ամենօրյա բացօդյա զբոսանքի իրավունքը,

Բացակայում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նպատակային զբաղվածության եւ այլընտրանքային բուժման հնարավորությունը,

Անհրաժեշտ է մշակել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց արտաքին աշխարհի հետ կապի խրախուսման մեխանիզմներ,

Առկա են խնդիրներ հոժարակամ եւ ոչ հոժարակամ բուժման ընթացակարգերում,

Չեն պահպանվում զսպման միջոցների կիրառմանն առնչվող կարգավորումները (օրինակ՝ ֆիզիկական զսպման միջոցների կիրառումը հիվանդասենյակներում եւ այլ պացիենտների ներկայությամբ, ֆիզիկական զսպման մեխանիկական ոչ պատշաճ միջոցներ եւ այլն),

Բացակայում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետազոտություններն իրականացնելու նկատմամբ միասնական մոտեցումը եւ չափորոշիչները,

Անհրաժեշտ է նեղ մասնագիտական խորհրդատվությունները կազմակերպելու հստակ մեխանիզմներ,

Անհրաժեշտ է մշակել հոգեբուժական կազմակերպություններում վնասվածքների պատշաճ հաշվառման եւ այդ մասին իրավապահ մարմիններին Հոգեբուժական օգնության եւ սպասարկման վճարովի ծառայությունների ցանկերի սահմանման անհրաժեշտություն՝ հոգեբուժական 

կազմակերպություններում վճարովի ծառայությունների տեսակի եւ սակագների չհիմնավորված տարբերակվածությունը բացառելու նպատակով եւ այլն:

 

Այցի պահին Կենտրոնում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, ինչը, իհարկե, ողջունելի է: Սակայն դրանց տեւական իրականացման պայմաններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց գերբեռնված պայմաններում պահելն անընդունելի է:

 

Նշված փաստաթուղթը ներկայացված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին Մարդու իրավունքների պաշտպանը կներկայացնի Առողջապահության ու Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություններ, ինչպես նաեւ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմին՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ քննարկելու բարձրացված հարցերը եւ աջակցելու դրանց լուծմանը:

 

Միաժամանակ Պաշտպանն ընդգծել է Կենտրոնի աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավման հետ կապված հարցերի կարեւորությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի տեսանկյունից:

Քաղաքականություն