Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Արցախի Հանրապետության Ջրականի (Ջաբրայիլ) հոսպիտալում բժիշկները հինգուկես ժամ տևած վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայող Հայկ Խաչատրյանի կյանքը: Հոսպիտալի բժիշկները կողմնորոշվել են արագ, բարդ վիրահատությունը հաջողած բժիշկներն արժանանում են զինծառայողի մոր անսպառ շնորհակալություններին: «Արմենպրես»-ի հետ զրույցում դեպքի մասին պատմել է Հայկի մայրը՝ Թամարա Բաղդասարյանը:

 

«Տղաս ծառայում է Հադրութի զորամասում: Զորամասից տեղափոխվել է Ջաբրայիլի հոսպիտալ՝ որովայնի շրջանում ուժեղ ցավերով, ծայրահեղ ծանր վիճակում: Պարզվել է, որ կույրաղիքը պայթել է, և սկսվել է բորբոքում: Տրվել է կույրաղիքի որդանման լաբիրինթ բորբոքում ախտորոշում։ Հոսպիտալի բժիշկներն անմիջապես ձեռնամուխ են եղել վիրահատության»,- պատմել է մայրն ու նկատում՝ նույնիսկ նախավիրահատական շրջանին պատրաստվելու հնարավորություն չեն ունեցել:

 

Մոտ հինգուկես ժամ տևած վիրահատության արդյունքում բժիշկներին հաջողվել է փրկել տղայի կյանքը: Հայկ Խաչատրյանը հիմա գտնվում է մայրական խնամքի արձակուրդում: Մայրը՝ Թամարա Բաղդասարյանը, ոգևորվածությամբ է նշում՝ որդին հիմա արդեն լավ է զգում: «Երկրորդ վիրահատության վտանգ կար, սակայն ամեն ինչ շատ լավ անցավ, դրա կարիքն այլևս չկա։ Մինչև կյանքիս վերջ պարտական եմ հոսպիտալի բժիշկներին: Ուզում եմ հատուկ նշել վիրաբույժներ Արամ Անտոնյանին և Հովհաննես Եղոյանին»,- նշեց նա ու հավելեց՝ զորամասի հրամանատարը ևս շատ հետևողական է եղել:

 

Զինծառայողի մայրը տպավորված է հոսպիտալի բուժանձնակազմի ուշադրությամբ, հոգատարությամբ:«Այդ ծայրամասում այդ տեսակի խնամքից զարմացած եմ»,- նշել է նա:

 

Հայկը զինվորական ծառայությանը կվերադառնա հոկտեմբերի 23-ից:

Քաղաքականություն