9 ամիսների ընթացքում 39 զինծառայող է զոհվել Արցախում ու Հայաստանում. դատախազություն

Զինված ուժերում մահացության վիճակը, միտումները, հանգամանքները, հանգեցնող պատճառներն օրինաչափորեն շարունակում են մնալ հանրության, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Հաշվի առնելով, որ վերոնշյալի վերաբերյալ կանոնավոր պարբերականությամբ պաշտոնական տեղեկատվություն է հայցվում նաև ՀՀ գլխավոր դատախազությունից՝ տեղեկացնում ենք հետևյալը: 

 

2019 թ. առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում մահացել է 39 զինծառայող: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել է զինծառայողների մահվան 50 դեպք: Այսինքն՝ ԶՈՒ-ում մահացության դեպքերը նվազել են 11-ով, կամ 22%-ով: Ընդ որում, նվազումն արձանագրվել է զինվորական ծառայության հետ կապված մահվան դեպքերում: 

 

Մասնավորապես այս տարվա ընթացքում մահվան դեպքերից զինվորական ծառայության հետ կապված է եղել 16-ը: Դրանցից՝ 

 

3-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանություններ,
4-ը՝ սպանություններ,
5-ը՝ ինքնասպանություններ և ինքնասպանության հասցնելու դեպքեր,
1-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարից,
1-ը՝ հիվանդությունից,
2-ը՝ դժբախտ պատահարից: 

Համեմատության համար նշենք, որ 2018 թ. նույն ժամանակահատվածում տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ կապված մահվան 27 դեպք: Այսինքն՝ այս տարի ընդհանուր առմամբ զինծառայության հետ կապված մահացության դեպքերը նվազել են 40.7%-ով: 

Նախորդ տարվա 9 ամիսների պատկերը, ըստ պատճառների, եղել է հետևյալը. 

7-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանություններ (այս տարի նվազումը՝ 4-ով կամ 57%-ով),
1-ը՝ սպանություն (ավելացումը՝ 3-ով),
8-ը՝ ինքնասպանություններ և ինքնասպանության հասցնելու դեպքեր (նվազումը՝ 37.5%-ով),
2-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարից (նվազումը՝ 1-ով կամ 50%-ով),
3-ը՝ հիվանդությունից (նվազումը՝ 2-ով կամ 66.6%-ով),
1-ը՝ դժբախտ պատահարից (ավելացումը՝ 1-ով կամ 50%-ով),
1-ը՝ ականի պայթյունից (նվազումը 1-ով կամ 100%-ով),
3-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով (նվազումը՝ 3-ով կամ 100%-ով),
1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով (նվազումը՝ 1-ով կամ 100%-ով): 

 

Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է զինծառայության հետ չկապված մահվան 23 դեպք: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել էր զինծառայության հետ չկապված մահվան նույնքան դեպք: 

Ըստ պատճառների՝ պատկերը հետևյալն է. 

8-ը՝ հիվանդություններից (2018 թ. 9 ամիսներին՝ 9 դեպք),
12-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթարներից (11 դեպք),
3-ը՝ ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնելը (0 դեպք)
0՝ դժբախտ պատահարից (3 դեպք): 

 

Համեմատական վերլուծությունը վկայում է, որ մահվան դեպքերի նվազումը պայմանավորված է մի կողմից հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության թուլացման միտումների պահպանմամբ, մյուս կողմից զինվորական ստորաբաժանումներում սպայակազմի և անձնակազմի միջև ուղղահայաց, ինչպես նաև զինծառայողների միջև հորիզոնական հարաբերությունների բարելավման, մարտական ծառայության կրման կանոնների պահպանման, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելման, հանցագործությունները ծնող պատճառների չեզոքացման ուղղություններով քրեական հետապնդման մարմինների և զորամասերի միջին ու բարձր հրամանատարական կազմի կողմից դրսևորվող հետևողականությամբ:

 

 

Քաղաքականություն