Հակակոռուպցիոն ռազմավարությամբ ԱԱԾ-ն և ոստիկանությունը կուժեղանան. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Հակակոռուպցիոն ռազմավարությամբ Ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունն ավելի են ուժեղանալու:
Այդ մասին վարչապետը նշել է կառավարության նիստում՝ անդրադառնալով այն կարծիքներին, թե ռազմավարությունը թուլացնելու է վերը նշված ուժային կառույցները:
«Մենք հասկացանք, որ մեծ ալերգիաներ է առաջացնում վեթինգ բառը, որոշեցինք բովանդակությունը մնա, վերնագիրն ուրիշ լինի: Մենք ասում ենք, որ պաշտոնատար անձի բարեվարքությունը ստուգելու գործուն մեխանիզմներ պետք է լինեն, և մենք դրանք քայլ առ քայլ ստեղծում ենք», ասաց նա՝ ավելացնելով, որ քննարկումների արդյունքում եզրակացության են եկել, ըստ որի՝ ռազմավարության նախագծով միանշանակ ԱԱԾ-ն դառնալու է շատ ավելի ուժեղ կառույց՝ լուրջ, խորքային, բովանդակային գործառույթներով:
«Ազգային անվտանգության ծառայությունը պետք է լինի ժողովրդի անվտանգության ողնաշարը: Այս նախագծով ԱԱԾ-ն շատ լուրջ ուժեղանալու է և շատ ավելի կարևոր լծակներ է ունենալու սպառնալիքները կանխարգելելու համար», - ասել է ՀՀ վարչապետը:
Նա նշեց, որ նույն խնդիրը դրվում է Ոստիկանության համար, և եկել են այն համոզման, որ ոստիկանությունը նույնպես ուժեղանալու է՝ հանրային անվտանգությունը ապահովելու իմաստով:
Կառավարությունը հոկտեմբերի 3-ի նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ Կառավարության հռչակած հայեցակարգային կանխադրույթների ու սկզբունքների հետևողական կենսագործման նպատակով Հակակոռուպցիոն ռազմավարությունն ուղղված է լինելու պայքարն առավել նպատակային իրականացնելու համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ հենքերի ստեղծմանը և զարգացմանը, հանրային ծառայողի օրինավոր և բարեխիղճ կերպարի ձևավորմանը, ոլորտային օրենսդրական դաշտի կարգավորումներում երկակի մոտեցումներ կիրառելու հնարավորությունների հնարավորինս նվազեցմանը, թափանցիկության և մասնակցայնության գործիքների շարունակական ներդրմանը, կոռուպցիոն գործերի բացահայտման արդյունավետության բարձրացմանը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն առնչվող գործուն կառուցակարգերի ներդրմանը:
Միաժամանակ, Ռազմավարությամբ հատուկ անդրադարձ է կատարվում հակակոռուպցիոն կրթությանը և իրազեկման միջոցով կոռուպցիայի նկատմամբ ժխտողական վերաբերմունքի սերմանմանը: Ռազմավարության ընդունմամբ ակնկալվում է ռազմավարական մոտեցման արդյունքում հնարավորին նվազեցնել կոռուպցիան, զարգացնել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը, ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ կառուցակարգեր:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Aysor.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը, Պուտինն ու Ռոհանին՝ բարձր տրամադրությամբ
Ի դեպ նկատենք՝ համացանցում լայն արձագանք է գտել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության...
Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով նախագիծը կուղարկվի ՍԴ
Խորհրդարանում ամփոփվեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցի գաղտնի քվեարկո...
ԱԺ-ում քննարկվում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը
Ազգային ժողովը քիչ առաջ սկսեց Հրայր Թովմասյանի՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի (անդամի) լիազորությունները դադարեց...