Տարվա մեջ 4-5 խախտում անող օրինավոր վարորդների վրա բալային համակարգը չի ազդի

Ազգային ժողով այսօր ներկայացվեց ճանապարհային երթևեկության խախտումների բալային համակարգը, որը տուգանային միավորներ է տալու խախտումներ անող վարորդներին։ Իսկ սահմանաչափի հատումից հետո վարորդները ժամանակավորապես զրկվելու են վարորդական իրավունքից։

 

«Մեր վարորդների 80 տոկոսը օրինավոր վարորդներ են։ Հետևաբար, օրենքի ազդեցության գոտում էն 10-20 տոկոսի մասին կարող է խոսքը գնալ։ Իսկ օրինավոր վարորդներին, որոնք տարվա մեջ 4-5 խախտում են անում, սա չի սպառնա, եթե, իհարկե, այն խախտումները չեն, որոնք ես ներկայացրել եմ որպես բալային խախտումներ»,- Ազգային ժողովում նախագծի մասին հարցերին պատասխանելիս հայտնեց ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը։

 

Ինչ վերաբերում է նրան, որ երբեմն խախտումները պայմանավորված են ճանապարհների վիճակի հետ, Քոչարյանը բացատրեց, որ բալային համակարգի մեջ ներառվել են այն խախտումները, որոնք կապ չունեն ճանապարհների վիճակի հետ՝ ոչ սթափ վիճակում վարելը, կարմիր լույսի տակով անցնելը, արագությունը գերազանցելը և այլն։