Իշխանությունը չի կայացել, անհասկանալի վիճակում է. սա «պռավալ» է. Ստեփան Մարգարյան

Ես հասկանում եմ մարդկանց, ովքեր դժգոհ են, ովքեր փողոցում են, որովհետև չգիտես՝ ում հավատաս: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ խոսելով Ամուլսարի հանքի շահագործման մասին:

«Իշխանափոխությունից հետո կառավարությունն այդ րոպեի հարց լուծելու համար այնքան սուտ է խոսել, որ էլ չգիտեմ՝ հավատա՞մ, թե՞ ոչ»,- ասաց նա՝ նշելով, որ Ամուլսարի հարցը ստերից մեկն է:

Ըստ նրա՝ հնարավոր է իշխանությունների վրա ճնշում կա դրսից կամ կոռուպցիոն սխեմա է, ուստի կողմ են արտահայտվում հանքի շահագործմանը:

«Ես հասկանում եմ մարդկանց, ովքեր դժգոհ են, ովքեր փողոցում են, որովհետև չգիտես՝ ում հավատաս: Ինչի՞ համար էր պետք այս ամբողջ շոուն, որ հետո բերվեր փողոցային լարվածությա՞ն: Դիմացը հասարակությունն է, որը միայն գրագիտության պակաս ունեցող մարդկանցից չէ բաղկացած. մտածող, խելոք մարդիկ կան, մասնագետներ կան, ովքեր հասկանում են: Ես չեմ հասկացել, թե ինչու հանքի շահագործումը հիմա դարձավ անվտանգ, չեմ հասկացել»,- նշեց Ստեփան Մարգարյանը:

Դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ ծանր ժառանգություն է ստացել ներկայիս իշխանությունը, Ստեփան Մարգարյանը նշեց, որ դա բացատրություն չէ. «Եթե նախորդների ժամանակ վատ էր, ես պարտավոր չեմ հիմա էլ վատ ապրել: Բա տարբերությունը ո՞րն է»:

Ըստ նրա՝ նման հարցերի հետևանքով իշխանության վարկանիշը ընկնում է, որովհետև ծրագիր չունեցող իշխանության կայացումը հնարավոր չէ:

«Չի կարելի հայտարարել, որ իշխանության կգանք, ծրագիր կներկայացնենք: 1 տարի է անցել, ես չգիտեմ՝ ինչ են արել: Ոչինչ չէին ասել, որ ես էլ իմանամ՝ չեն արել: Իշխանությունը չի կայացել, անհասկանալի վիճակում է. սա «պռավալ» է»,- նշեց Մարգարյանը: