Մեր ճանապարհներն այլևս ի վիճակի չեն տեղավորել այդքան տրանսպորտային միջոցներ․ Օսիպյան

Հայաստան օրական ներկրվում է 300 ավտոմեքենա, և այդ մասին սահմանակետից հայտնել է պատգամավոր Մելքումյանը: Սրանով ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հիմնավորեց ավտովթարների քանակի մեծացումը վերջին շրջանում:

 

«Ունենք սեղանին դրված բաժակ, որը տանում է 200 գրամ: 200-ից ավել որ լցնենք … սա պարզ տրամաբանություն է: Մեր ճանապարհներն այլևս ի վիճակի չեն տեղավորել այդքան տրանսպորտային միջոցներ», – ասաց Օսիպյանը:

 

Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք վթարների մեծ թիվը ՃՈ-ի վատ աշխատանքի հետևանքն է հարցին, Օսիպյանն արձագանքեց. «Լավ, մենք ենք վատ աշխատում, Վրաստանի ոստիկանությունն է՞լ է վատ աշխատում: Ամեն օր մենք ամփոփագրեր ենք ստանում թե՛ տեսանյութով, թե՛ թվային տվյալներով նաև Ռուսաստանի տարբեր քաղաքներից: Վարչապետի հանձնարարականից հետո մենք ավելի ենք խստացրել, իմ կողմից կա համապատասխան հրահանգ, և ՃՈ աշխատակիցները բացառել են հանդուրժողականությունը: Նաև վարչապետի հանձնարարականով ստեղծվել է  աշխատանքային խումբ: Խումբը շուտով կանցնի գործի, վեր կհանեն բոլոր խնդիրները»:

 

Նա նաև նշեց, որ երթևեկության ու վթարների պատճառը միայն ՃՈ-ից կախված չէ: Կան բազմաթիվ խնդիրներ ու նաև գերատեսչություններ, որոնք ուղիղ կապ ունեն այս ամենի հետ: 

 

«Վթարների պատճառ են վատ լուսավորությունը, ճանապարհների վատ լինելը, նշանների բացակայությունը կամ չերևելը, եղանակը, տրանսպորտային միջոցների ոչ համապատասխան սարքին լինելը: Մեր երկրում տեխզննումը ոչ թե ձևական բնույթ է կրում, այլ ընդհանրապես որևէ բնույթ չի կրում»:

 

Ինչ վերաբերում է նրան, որ այս տարի ավելի շատ են եղել երթևեկության խախտումներ, Օսիպյանն ասաց, որ իրենք էլ ավելի շատ են հայտնաբերել նման խախտումներ: Իսկ ավտոպատահարների զոհերի վերաբերյալ Օսիպյանն ասաց, որ դրա պատճառներից գլխավորը մեքենաների հնամաշ լինելն ու ճանապարհների վիճակն են:

 

«Ամեն օր ինձ զեկուցում են, ամփոփագրեր ենք մենք ստանում՝ մեքենան ուղիղ երթևեկելիս կողաշրջվել կամ շուռ է եկել, ձորն է ընկել. բարձր արագության տակ հնամաշ դետալները չեն դիմանում: Առանց որևէ պատճառի կողաշրջվել կամ շուռ է եկել ձորը: Մենք ճանապարհներին ունենք 60-70-80-ական թվականների մեքենաներ, որոնք տեխզննում չեն անցնում: Մեկնաբանությունը թողնում եմ ձեզ», – ասաց Օսիպյանը:

 

Նրա խոսքով՝ երթևեկության կանոնների խախտումների պատժի բալային համակարգի ներդրումից հետո այդ պատահարների քանակը կտրուկ կնվազի: