ԵՊՀ հյուրատունը տարիներ շարունակ աշխատել է «մինուսով», իսկ տնօրենի սեփական հյուրանոցը մշտապես բարգավաճել է. ԵՊՀ Ռեստարտ
«Restarttimes.am»-ը գրել է. «Երբ անարդյունավետ կառավարմանը համակցվում են կոռուպցիոն գործընթացները, ստացվում է այնպիսի իրավիճակ, ինչպիսին ԵՊՀ-ում է։
ԵՊՀ Ծաղկաձորի հյուրատունը սկսեց քննարկվել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմի մասնակի փոփոխությունից հետո։ Խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը առաջին իսկ նիստում անդրադարձավ հյուրատան հետ կապված խնդիրներին։ Գլխավոր խնդիրն այն էր, որ հյուրատունը տարիներ շարունակ աշխատել է «մինուսով», այսինքն՝ գումար աշխատելու փոխարեն միայն եղել են ներդրումներ և սուբսիդիաներ։ Այս պնդման վառ ապացույցը հետևյալ փաստաթուղթն է, որտեղ նշված են հյուրատան ֆինանսական ելքերն ու մուտքերը։
Այստեղ նշված են 2016 թվականից ի վեր գրանցված տվյալները, ինչից պարզ է դառնում, որ ԵՊՀ բյուջեից միլիոնավոր դրամներ տրամադրվել է Ծաղկաձորի հյուրատանը, իսկ հյուրատունը միայն վատնել է այդ գումարները, և հյուրատան ղեկավարներին ոչ մի տարի չի հաջողվել գոնե զրոյական արդյունք գրանցել։
Առաջին հայացքից թվում է, թե այս ամենը միայն վատ և ձախողված կառավարման արդյունք է, բայց երբ իրավիճակը առավել խորապես ենք ուսումնասիրում, բազմաթիվ այլ փաստեր են առաջ գալիս։ Այսպես ուրեմն, հյուրատան նախկին տնօրենը, ով երկար տարիներ ղեկավարել է այն, Միրզոյան Հրանտն է, ով, պարզվում է, հյուրանոցներ ղեկավարելու բավականին հարուստ և լավ փորձ ունի։ Բայց փորձ ունենալուն զուգահեռ Հրանտ Միրզոյանը ԵՊՀ Ծաղկաձորի հյուրատան տնօրեն լինելու տարիներին ունեցել է և ունի սեփական հյուրատուն՝ «Ալվա» Հոթել անվանմամբ, հենց նույն Ծաղկաձորում։ Նրա սեփական հյուրանոցը մշտապես բարգավաճել է և այս տեսքն ունի.
Հրանտ Միրզոյանը միաժամանակ հանդիսացել է և՛ «Ալվա» Հոթելի, և՛ ԵՊՀ Ծաղկաձորի հյուրատան ղեկավարը, բայց ստացվել է այնպես, որ ԵՊՀ հյուրատունը մշտապես գոյատևել է համալսարանի բյուջեից փոխանցված գումարներով և երբեք շահույթ չի բերել, իսկ պարոն Միրզոյանի սեփական հյուրատունը բավականին արդյունավետ աշխատում է և շահույթ է բերում։ Շահույթ բերելու պնդումը մեր կողմից արդարացի է, քանի որ ոչ մի ձեռնարկատեր այնքան էլ անմիտ չէ, որ տարիներ շարունակ շահագործի «մինուսով» աշխատող կազմակերպություն։ Համենայն դեպս, e-register.am էլեկտրոնային ռեգիստրում այն պաշտոնապես գրանցված չէ, որպես բարեգործական կազմակերպություն, այլապես մենք կմտածեինք, թե պարոն Միրզոյանը բարեգործ է և իր սեփական գրպանից գումար ծախսելով՝ լավություն է անում ՀՀ քաղաքացիներին՝ հաճելի հանգստի հնարավորություն ընձեռելով քաղաքացիներին։
Այն պնդումը, որ «Ալվա» հոթելը պատկանում է Հրանտ Միրզոյանին միանգամայն ճիշտ է. դրա աներկբա ապացույցն են e-register.am պաշտոնական կայքում հրապարակված տվյալները.
Հարց է առաջանում. եթե պարոն Միրզոյանը վատ կառավարիչ է, և միայն խայտառակ կառավարման արդյունքում է ԵՊՀ բյուջեից մշտապես անհատույց գումարներ փոխանցվում Ծաղկաձորի հյուրատանը, ապա ինչպե՞ս է ստացվում, որ պարոն Միրզոյանի սեփական հյուրանոցը արդարացնում է իրեն և շահույթ բերում նրան։ Ցավոք սրտի, «ատկատ» ասվածը դժվար և գրեթե անհնար է բացահայտել, և նախորդ տարի ԵՊՀ-ում ՊՎԾ-ի կողմից իրականացված ուսումնասիրություններից հետո էլ որևէ բացահայտում չի եղել։
Մի քիչ էլ անդրադառնանք Հրանտ Միրզոյան անհատին։ Պարոն Միրզոյանը հանդիսանում է Ծաղկաձորի նախկին քաղաքապետ Գարուն Միրզոյանի եղբայրը։ Տարբեր լրատվական ծառայություններ բազմիցս անդրադարձել են այս հանգամանքին։ Բայց կբավարարվենք միայն 1 հղմամբ՝ կապված այս հանգամանքի հետ՝ Armdaily.am։ Գարուն Միրզոյանի անունը մշտապես կապվել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, և հանրության լայն շրջանակներում տարբեր լեգենդներ են հյուսվում Գարուն Միրզոյանի անվան հետ կապված։
Վերջին ժամանակներում նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը աշխատանքից ազատել էր Հրանտ Միրզոյանին, վերջինս էլ դատական գործ էր սկսել Արամ Սիմոնյանի դեմ՝ հայտարարելով, որ իրեն աշխատանքից անհիմն են ազատել, և այժմ պարոն Միրզոյանը ցանկանում է վերադառնալ իր նախկին աշխատանքին։ Անհասկանալի է, թե ինչու է Հրանտ Միրզոյանը իր հեռացումը համարում անհիմն, եթե նրան ոչ մի տարի չի հաջողվել գոնե զրոյական մակարդակի վրա աշխատեցնել ԵՊՀ Ծաղկաձորի հյուրատունը։
Հրանտ Միրզոյանի պաշտոնավարման ընթացքում միայն 2016 թվականին ԵՊՀ-ից 34․639․550 դրամ է անհրաժեշտ եղել հյուրատունը պահպանելու համար։ Սա այն հավելյալ գումարն է, որ պահանջվել է սուբսիդավորել, այսինքն՝ այսքան դրամով հյուրատունը «մինուս» է գնացել։ Հաջորդաբար 2017 և 2018 թվականներին ԵՊՀ-ից պահանջվել է 27,654, 488 և 19,055,323 դրամ գումար՝ հյուրատունը պահպանելու համար։ Միայն 3 տարիների հանրագումարով՝ հյուրատունը շահույթ բերելու փոխարեն վատնել է (մինուս է գնացել) 81․349․361 դրամ։
Ինչու՞ ենք շեշտում, որ ուսանողների գումարների վատնում է։ Քանի որ ԵՊՀ տարեկան բյուջեի մոտ 70 տոկոսը գոյանում է վճարովի համակարգում սովորող ուսանողների վարձավճարներից, հետևաբար, այս հանգամանքը ապացուցում է, որ հենց ուսանողներիս գումարներն են վատնվում։ Եթե փորձենք անդրադառնալ բյուջեի գոյացման մնացյալ 30 տոկոսին, ապա կարող ենք նշել, որ այդ 30-ից 20 տոկոսն էլ տրամադրվում է պետության կողմից մեծամասամբ անվճար համակարգում սովորող ուսանողների ուսման վարձը փոխհատուցելու համար/www.ysu.am/:
Վերջում ցանկանում ենք անդրադառնալ ԵՊՀ ներկայիս վարչակազմի վարքագծին։ Այս տվյալները հավաքագրելու ճանապարհին մենք ուղարկել ենք մի քանի հարցումներ ԵՊՀ-ին, որոնցից մեկում խնդրել ենք, որ մեզ տրամադրեն ԵՊՀ Ծաղկաձորի հյուրատան ֆինանսական մուտքերը բացվածքներով։
Սա նշանակում է, որ մեզ փոխանցված տվյալների մեջ պետք է նշվեր ոչ թե ընդհանուր ծառայություններից ստացված գումարները, այլ բոլոր ծառայությունները առանձին-առանձին։ Օրինակ՝ գործուղումներից ստացված գումարներ, առձեռն վճարներ և այլն։ Այսպիսի հարցման նպատակն այն էր, որ մենք ցույց տայինք 2016,2017,2018 թթ․ հյուրատան այցելուների կանխիկ վճարումներից գոյացած գումարի չափը և համեմատեինք Հրանտ Միրզոյանի պաշտոնանկությունից ի վեր ընկած ժամանակահատվածի՝ 2019 թվականի առաջին 5 ամիսների կանխիկ վճարումներից գոյացած գումարի չափի հետ, որտեղ կարտացոլվեր զգալի տարբերություն դրամային մուտքերի համատեքստում։ Ըստ մեր տվյալների՝ հյուրատան ներկայիս տնօրինությունը այցելուներից ստացված կանխիկ վճարումներով արդեն իսկ առավել շատ գումար է աշխատել, քան նախկին շատ տարիներում դա տեղի էր ունենում (1 տարվա կտրվածքով)։ Բայց ԵՊՀ ներկայիս վարչակազմի անբարեխիղճ համագարծակցության շնորհիվ այս տվյալները չենք կարողանում հրապարակել։ Այժմ մենք կուղարկենք հաջորդ հարցումը ԵՊՀ ղեկավարությանը՝ խնդրելով, որ մեզ տրամադրեն վերջին 4 տարիների ԵՊՀ Ծաղկաձորի ուսումնական հյուրատան այցելուների կողմից վճարված կանխիկ մուծումների վերաբերյալ տվյալները, որտեղից պարզ կդառնա, որ Հրանտ Միրզոյանի պաշտոնանկությունից հետո կանխիկ մուծումները ավելացել են։
Այսպիսով՝ երբ վատ կառավարմանը օգնության է գալիս անբարեխիղճ վերաբերմունքը և ատկատի ինստիտուտը, արդյունքում տուժում են ուսանողները, այն ուսանողները, որոնցից շատերը, ելնելով երկրում առկա սոցիալական ծանր վիճակից, մի կերպ են մուծում իրենց ուսման վարձերը՝ շատ ժամանակ նեղություն տալով իրենց և իրենց ընտանիքներին»։