Հավի ձվի չափ կարկուտը Մարմարիկ գյուղում. փակել են ճանապարհը
Այսօր՝ հունիսի 28-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում: Ժամը 15:30-ի սահմաններում ուժեղ կարկուտը իր սև գործն է արել գյուղում: Հավի ձվի չափ կարկուտը ավերել է գյուղի ողջ ցանկատարածությունները, տան տանիքները, բակերում կայանված ավտոմեքենաները, գյուղացիների քրտինքով մշակված կարտոֆիլի, կաղամբի, լոբու, սոխի, ցորենի, վարունգի բերքը հողին է հավասարեցրել: Ինչպես է հայտնում shamshyan.com-ը՝ գյուղացիները, աչքի տակ ունենալով նախորդ տարիներին իրենց խաբած բազմաթիվ դեպքեր, ստիպված փակել են Հրազդան- Հանքավան ավտոճանապարհի Մարմարիկ գյուղի հատվածը: Նրանք պահանջում են, որպեսզի մարզպետն ու պատկան մարմինները անձամբ ժամանեն գյուղ և իրենց աչքերով տեսնեն կարկուտի հետևանքով առաջացած վնասները:
Լրատվականը հայտնում է, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը գյուղացիներին համոզում էր, որպեսզի մարդիկ բացեն ճանապարհը, սակայն մարդիկ ասել են. «Առավոտից իրիկուն կռիվ ենք տվել հողի հետ, մշակել ենք, արդեն մի քանի օրից գյուղմթերքները հավաքելու էինք, բայց կարկուտը 40 րոպեում մեր աշխատանքը հողին հավասարեցրեց: Նախորդ տարիներին էլ է նման դեպք եղել, ու էլի վնաս ենք կրել ու ամեն անգամ մարդիկ եկել են, խոստացել են, որ խնդիրը կլուծեն, բայց խաբել են, գնացել: Ուզում ենք հավատալ, որ այս կառավարության ներկայացուցիչ՝ մարզպետը նախորդների նման մեր գլխների տակ փափուկ բարձ չի դնի: Հիմա ուզում ենք հավատալ, որ էս կառավարությունը մեր մատներից փուշ կհանի, ոչ թե նախորդների նման գերանի կհագցնի:
Թող իմանան, որ գյուղ կանգնի՝ գերան կկոտրի: Մենք իրենցից շատ բան չենք ուզում, հասկանում ենք, որ բնության դեմ անզոր ենք, բայց գոնե մարդկայնորեն կառավարությունը կարող է մեզ օգնության ձեռք մեկնի: Գոնե տանիքների հարցերը լուծեն, վնասի փոխհատուցման խնդիրը լուծեն, թե չէ սաղ գյուղը վարկի տակ է, եթե հիմա էլ մեզ օգնության ձեռք չմեկնեցին, ապա մենք սպասելու ենք ոչ թե կառավարության ու մարզպետարանի չինովնիկների ժամանմանը, այլ բանկերից գալու են ու ՝ Էս սարն իմն է, էս տունն իմն է»:
Մարզպետ Ռ. Պետրոսյանը գյուղացիներին հայտնեց, որ վաղը առավոտյան հանձնաժողովը կայցելի գյուղ, տեղում կուսումնասիրեն, չափումներ կանեն ու կներկայացնեն կառավարությանը և կառավարությունը վարչապետի գլխավորությամբ պահուստային ֆոնդից գումար կհատկացնի: