Ստավրոպոլում մահմեդականացման մասսայական դեպքեր չկան. Armdaily.am

Այսօր մամուլում լուրեր էին տարածվել, որ Ստավրոպոլում ՀՀ պատկան մարմինների կողմից հայտնաբերվել են մի խումբ ՀՀ քաղաքացիներ, ովքեր մահմեդականություն են ընդունել։ Ըստ լուրերի՝ ՀՀ ԱԱԾ-ն ակտիվորեն զբաղվում է այս դեպքով:

 

Armdaily.am-ը լուրի իսկությունը ճշտելու համար կապ հաստատեց Ստավրոպոլի հայ համայնքի ղեկավար Արկադի Թունյանի հետ: Վերջինս ժխտեց լուրը:  

 

«Ես այստեղ  շատ հայերի եմ ճանաչում, բայց նրանց մեջ չկա մարդ, ով մահմեդականություն ընդունած լինի: Նրանք ինչպես եղել են քրիստոնյա, այդպես էլ մնացել են: Այստեղ բազմաթիվ հայեր պարբերաբար եկեղեցի են գնում: Գուցե հազար մարդուց մեկը լինի, ով քրիստոնյայից դառնա մահմեդական, բայց նման դեպք նաև հակառակը կարող է լինել՝ մահմեդականից քրիստոնյա: Մասսայական ոչինչ չկա»,-նշեց նա:  

 

Մենք զրուցեցինք նաև Ռուսաստանի թեմի Ստավրոպոլ քաղաքի Սուրբ Մարիամ Մագթաղենացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր-Գրիգորիս քահանա Պողոսյանի հետ:

 

Տեր-Գրիգորիս քահանա Պողոսյանը հերքեց լուրերը, ասելով՝ որ նման բան լինել չի կարող: 

 

«Նման բան առաջին անգամ եմ լսում: Չեմ ճանաչում այստեղ ապրող մահմեդական հայերի: Հայերի կապը եկեղեցու հետ շատ ամուր է, աբսուրդ է նման բան ասել»,-ասաց նա: