Շահարկում է. Արդարադատության նորանշանակ նախարարը հերքեց «Սորոս»–ի հետ իր կապը
Երկու ակնհայտ սուտ տեղեկատվություն է տարածվել, որից մեկի մեջ նաեւ զրպարտություն պարունակող տարրեր կան. առաջինը բանակում ծառայության հետ կապվածն է, երկրորդը՝ «Սորոս»–ի հետ կապերը։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, պատասխանելով դիտարկամը, որ, ըստ իր ընդդիմախոսների, իր նշանակումը տեղի է ունեցել «Սորոս»–ի հիմնադրամի Հայաստանի հիմնադրամի ղեկավար Լարիսա Մինասյանի միջնորդությամբ։
«Երբ ասում են «Սորոս»–ի հետ կապեր՝ ես չեմ հասկանում դա ինչն է։ Ձեր նշած անձին երբեք չեմ հանդիպել, չեմ ճանաչել, ծանոթ չեմ, այսինքն, կարծում եմ՝ ընդամենը շահարկումներ են, որոնց նպատակները շատ տարբեր կարող են լինել, բայց ինձ չեն հետաքրքրում»։
Ինչ վերաբերում է բանակում ծառայելու հարցին, ապա, նախարարը նշեց, որ առողջական խնդիրներ է ունեցել թենիս խաղալու հետեւանքով. «Հիվանդությունն առաջացել է հենց թենիս խաղալու պատճառով, հայտնի տարբերակներից մեկն է, երբ որ իհարկե, ես միանշանակ չեմ կարող ասել, որովհետեւ գիտությունը դեռ չի պարզել սկոլիոզ հիվանդությունը ինչ պատճառներով է առաջանում, բայց պատճառներից մեկը վոլեյբոլ, թենիս, բասկետբոլ, սքվոշ եւ նմանատիվ սպորտային ձեւերով զբաղվելուց է առաջանում։ Բայց ես հիմա էլ եմ սքվոշ խաղում»։
Նա նաեւ հերքեց լուրերը, որ իր՝ ուժային կառույցներում բարձրաստիճան պաշտոն զբաղեցբող հայրը որեւէ կերպ աջարկցել է իր կարիերայի առաջխաղացմանը. «Հայրս որեւէ բարձրաստիճան պաշտոն չի զբաղեցրել, երբ ես ընդունվում է ԵՊՀ, այն տեղեկությունը, որ նա եղել է Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ իմ ուսանողության տարիներն ավարտվելուց հետո է ինքը նշանակվել, որեւէ ազդեցություն, բնականաբար, չի ունեցել»։