Ներդրումների մասով ունենք 7 անգամ աճ. Փաշինյան

Երբ մենք արտոնություն ենք տալիս ընկերություններին՝ ավելացված արժեքի հարկի վճարումը հետաձգում ենք երեք տարով եւ մաքսատուրքից ազատում ենք, դա ներդրումները խթանելու ըստ էության միակ գործիքն է: Այս մասին կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Նա համեմատեց, թե տվյալ գործիքի կիրառումով ինչ ենք ունեցել 2018 թվականի 5 ամիսներին եւ ինչ ունենք այս տարվա 5 ամիսներին:

«2018-ի առաջին 5 ամիսներին այս գործիքակազմով կառավարությունը հաստատել է 11 ծրագիր՝ 35,3 մլն դոլար ներդրման պայմանով եւ 502 աշխատատեղով: Այս տարվա 5 ամիսներին ունենք 25 ներդրումային ծրագիր, 254 մլն դոլարի ներդրման պայմանով եւ 2379 աշխատատեղով: Այսինքն այս գործիքի կիրառմամբ ներդրումների մասով ունենք 7 անգամ աճ, աշխատատեղերի մասով՝ 4 անգամ աճ»,-ասաց Փաշինյանը:

 

Նա նաեւ հավելեց, որ իրենք վերլուծել են այս ուղղությամբ կատարված քայլերը եւ պարզել, որ այդտեղ շոշափելի ռիսկեր չկան. «Մարդիկ 90 եւ ավելի տոկոսով ճշգրիտ կատարում են ծրագրերը, չկատարումները կապված են հետաձգումների հետ: Մենք ոչ մի դեպք չենք արձանագրել, որ չարամտություն կա այս համատեքստում:

 

Այս առումով նշանակալի է «Ադամյան» հեռուստացույցների արտադրության հետ կապված պատմությունը: Երբ կառավարությունն արտոնություն էր տալիս, մեծ աղմուկ էր բարձրացել, թե դա «ֆեյք» ներդրում է: իսկ այսօր ՀՀ քաղաքաղցիները կարող են խանութներից գնել «Ադամյան» արտադրության հեռուստացույցներ: Հիմա էլ կա այլ քննադատություն, որ հեռուստացույցի բաղադրիչները բերում են, այստեղ միայն հավաքում են: Իհարկե, այդպես է, սկզբում պետք է տեղի ունենա այդ քայլը, հետո հաջորդ քայլը»,-ասաց վարչապետը:

 

Իր հերթին ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդգծեց. «Սա, ըստ էության, միակ հասցեական արտոնությունն է: Մենք ունենք բազմաթիվ արտոնություններ, որոնցից ստացվող արդյունքը ոչ մի ձեւ չի չափվում: Այս գործիքը հասցեական է: Պետք է հարկային օրենսգրքում անդրադառնանք այդ արտոնությունների վերաիմաստավորմանը: Եթե դրանք տասնյակ տարիներով եղել են, բայց դրանց արդյունքը ոչ ոք չի կարողանում գնահատել, պետք է վերագնահատում անել եւ հասցեական դարձնել»:

Քաղաքականություն