Խուդոյանի դեմ գործը հարուցվել է նրա վրա ճնշում գործադրելու նպատակով. Սոլովյով

Հայտնի ռուս հեռուստառադիոհաղորդավար Վլադիմիր Սոլովյովը «Վեստի FM» ռադիոկայանի «Полный контакт» ծրագրի եթերում անդրադարձել է անցած շաբաթ Մոսկվայում հայազգի գործարար Ալբերտ Խուդոյանի ձերբակալությանը:

 

Ինչպես գրում է rusarminfo.ru-ն, Սոլովյովը կասկածի տակ է առել Խուդոյանի գործի քննության պայմանների օրինաչափությունը:

Անդրադառնալով Խուդոյանի և իր դեմ հայց ներկայացրած անձի հարաբերություններին, հաղորդավարը ասել է. «Թվում է, թե` դե գործ է, էլի: Նրանք իրար մեջ ինչ-որ հարցեր են պարզում: Ինչպես որ հաճախ է պատահում՝ գործընկերների միջև հարաբերությունները հասել են այն փուլին, երբ երկուսն էլ պնդում են, որ իրեն պարտք են: Ցավոք, այդպես պատահում է: Բայց ինչպե՞ս այս հարցը կլուծվեր ինչ-որ քաղաքակիրթ երկրում: Կողմերը կդիմեին դատարան, և հետո կսկսվեր բոլորին հասկանալի պարզ գործընթաց: Նրանք կպարզեին իրենց հաշիվները: Սակայն այս պարագայում ինչ-որ կերպ, ինչ-որ անհասկանալի պատճառով կողմերից մեկին ձերբակալել են, իսկ ինչո՞ւ: Խորամանկ քննիչները որոշել են գումար կորզել և մեկից, և մյուսի՞ց»,-հարց է հղել Սոլովյովը:

Նրա համոզմամբ՝ ակնհայտ է, որ Խուդոյանի դեմ գործը հարուցվել է նրա վրա ճնշում գործադրելու, նրան «համագործակցության» դրդելու նպատակով:

Սոլովյովի խոսքով՝ այս պարագայում գործի է դրվել «զուտ ռուսական տեխնոլոգիան», որը լրագրողի բնորոշմամբ՝ ոչ քաղաքակիրթ է:

«ׂՉգիտեմ, թե այդ երկուսից ով է իրավացի, ով է ում գումար պարտք, սակայն ինձ դուր չի գալիս այս հարցի լուծման համակարգը: Չեմ բացառում, որ նրանցից յուրաքանչյուրն իր ճիշտն ունի, կամ որ մեկը մյուսին վիրավորել է, կամ էլ որ մեկը մյուսին փորձում է «գցել», սակայն նման հարաբերությունների լուծման համակարգը պետք է կառուցվի առանց պետական ճնշիչ մեխանիզմի ուղղակի ներգրավման»,-ասել է Սոլովյովը:

Նա հավելել է, որ բիզնեսում հաշիվները պարզելու նպատակով իրավապահ մարմինները որպես գործիք կիրառելը անառողջ համակարգի նշան է: