ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա հիշեցնում է արատավոր տրամաբանությունը՝ մենք շատ ենք, ուժեղ ենք ուրեմն ճիշտ ենք. «Ահազանգ»-ի ակցիան ավարտվեց
ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության անդամների բողոքի ակցիան ԱԺ-ի դիմաց ավարտվեց: Այսօր՝ հունիսի 25-ին, նախաձեռնության անդամները հերթական բողոքի ակցիա էին կազմակերպել ԱԺ-ի դիմաց, պահանջում էին չեղարկել Հարկային օրենսգրքի փաթեթով առաջարկվող եկամտային հարկի համահերթեցումը: Ակցիան ավարտվեց նրանով, որ Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը:
«ԱԺ-ն ընդունեց մի նախագիծ, որն ուղղակի հարվածում է երկրի բնակչության մեծամասնությանը, այս նախագծով պետբյուջեի տարեկան շուրջ 45 միլիարդ դրամի կորուստները նախատեսվում են փոխհատուցել մի շարք ապրանքատեսակների գների թանկացմամբ, որոնք մենք ամեն օր օգտագործում ենք մեր կյանքում: Այս նախագիծը որեւէ կերպ չի լավացնում երկրի բնակչության մեծամասնություն կազմող ցածր եկամուտ ունեցող, աղքատության մեջ գտնվող մարդկանց կենսամակարդակը: Փոխարենը ամսեկան կտրվածքով ավելացնում է մի քանի հազար մարդկանց եկամուտները: Հայտարարում ենք, որ նախագծի ամբողջ պատասխանատվությունը ընկնում է նախագծին կողմ արտահայտած յուրաքանչյուր պատգամավորի համար, միեւնույն ժամանակ պատասխանատվություն է կրում այն քաղաքական ուժը, որն այս ամբողջ ընթացքում բերեց օրակարգ: Սա հիշեցնում է հին, արատավոր տրամաբանությունը՝ մենք շատ ենք, ուժեղ ենք ուրեմն մենք ճիշտ ենք»,- ասաց նախաձեռնության անդամ Քրիստինե Վարդանյանը:
Նա հայտարարեց, որ իրենց պայքարը շարունակվում է. «Նախաձեռնությունն այսուհետեւ իր գործունեությունը շարունակում է Հայաստանում որպես սոցիալական արդարության հաստատման եւ ամրապնդման ուղղված նախաձեռնություն: Ցավոք, մենք չկարողացանք հասնել ցանկալի արդյունքի, սակայն պայքարն ու մեր գործունեությունը շարունակում է»: