Վստահության պակաս, անկախության բացակայություն․ Որոնք են դատական համակարգի խնդիրները` ըստ ԲԴԽ անդամի թեկնածուի
Կա մի ոլորտ, որտեղ թեև հասել են հեղափոխության փոփոխությունները, սակայն արմատական բեկում չեն մտցրել, և խոսքը դատական իշխանության մասին է։ Այս մասին Ազգային ժողովում իր նախընտրական ելույթի ժամանակ ասաց որպես ԲԴԽ անդամ ներկայացված Վիգեն Քոչարյանը։ Առաջին ու ամենալուրջ խնդիրը դատական համակարգում, նրա կարծիքով, հանրային վստահության պակասն է։
Որպես սրա պատճառ նա իր ելույթում մի քանի խնդիրներ մատնացույց արեց։ Դրանցից առաջինը անկախությունն է։ Ընդ որում, նա իր խոսքում առանձնացրեց արտաքին անկախությունը և ներքինը։ Որպես արտաքին անկախություն նկատի առավ դատավորի չկախվածությունը քաղաքական և այլ գործոններից, ինչպես նաև կաշառքից։
Որպես ներքին անկախության օրինակ թեկնածուն մատնացույց արեց այն դեպքերը, երբ դատավորները ենթարկվում կամ իրենց որոշումները համաձայնեցնում են ավագ գործընկերների հետ։ Նա ասաց, որ դեպքերի գիտի, երբ դատարանների նախագահները դատավորների վճիռները նրանց աչքի առաջ պատռել են կամ շպրտել նրանց դեմքին։ Թեկնածուն ասաց, որ այս ամենն անընդունելի են Հայաստանի ներկա իրավիճակում։
Նա նաև խոսեց դատարանների ծանրաբեռնվածության մասին ու ասաց, որ Եվրոպայի համեմատ Հայաստանում դատավորների թիվը շատ քիչ է։ Թեկնածուի ներկայացրած հաշվարկի համաձայն՝ եվրոպական միջին ցուցանիշով ամեն 100 հազար բնակչին ընկնում է 21 դատավոր, իսկ Հայաստանում՝ 6-7 դատավոր։
Նախընտրական ելույթի ավարտին ԲԴԽ անդամի թեկնածուն կարծիք հայտնեց, որ հիմա պատմական պահ է ձևավորվել, որը թույլ է տալիս փոփոխություններ իրականացնել դատական համակարգում, ինչը նաև ազգային անվտանգության հարց է ու չարժի կուսակցականացնել։
«Առանց այդպիսի դատական համակարգի, մենք չենք կարող Հայաստանում հաստատել լիակատար արդարության մթնոլորտ։ Իսկ հենց այդ մթնոլորտի, հենց այդ զգացման պակասն էր մղել մեր հազարավոր, տասնյակ հազարավոր քաղաքացիներին լքել իրենց հայրենիքը։ Եթե մենք չկարողանանք այդ խնդիրը լուծել, դժվար թե կարողանանք ապահովել մեր տնտեսական զարգացումը, դժվար թե կարողանանք ապահովել ոչ միայն արտաքին, այլև ներքին ներդրումները», – ասաց Քոչարյանը։