Ըստ ցուցմունքի՝ Զաքար Հովհաննիսյանը ձողով փորձել է հարվածել Գեղամ Պետրոսյանին, նա էլ կրակել է. Armtimes com
Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանի դեմ ցուցմունք տված անձ կա: Վերջինս աղմկահարույց ցուցմունք է տվել, գրում է Armtimes com-ը:
Դատարանում գտնվող լրագրողներին նրա պաշտպան Վաղինակ Գեւորգյանը որոշ մանրամասներ ներկայացրեց: Նա նախ ասաց, որ Գեղամ Պետրոսյանը առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ հրաժարվել է ցուցմունք տալուց:
Մեր հարցին, թե ինչո՞ւ չի ընդունում, պաշտպանը պատասխանեց. «Ինքն առհասարակ ցուցմունք չի տվել, որեւէ փաստական տվյալի կապակցությամբ իր կարծիքը չի հայտնել, որովհետեւ իրականում նման դեպք տեղի չի ունեցել»,- ասաց Գեւորգյանը:
Մեր դիտարկմանը, որ Գեղամ Պետրոսյանը նախկինում մի քանի անգամ վկայի կարգավիճակով հարցաքննվել է, ի՞նչ նոր փաստական տվյալ է ձեռք բերվեց, որ երկու օր առաջ նրան ձերբակալելու որոշում կայացվեց, Գեւորգյանը պատասխանեց, որ ի հայտ է եկել անձ, որը ցուցմունք է տվել, որ իբրեւ թե ցուցարար Զաքար Հովհաննիսյանը երկաթյա ձողով կամ արմատուրայով հարձակվել եւ փորձել է հարվածել Գեղամ Պետրոսյանի գլխին: Պաշտպանը մանրամասնեց, որ ըստ վկայի ցուցմունքի՝ ստեղծվել է իրավիճակ, երբ կամ Զաքար Հովհաննիսյանը պետք է հարվածեր Գեղամ Պետրոսյանին կամ վերջինս՝ նրան: Ըստ այդ նույն վկայի ցուցմունքի՝ Գեղամ Պետրոսյանն էլ կրակել է: «Կամ նա պիտի խփեր Գեղամ Պետրոսյանը մահանար, կամ՝ Պետրոսյանը պիտի կրակեր»,- հավելեց Գեւորգյանը:
Մեր ճշտող հարցին՝ քննիչը միջնորդության մեջ միայն այս ցուցմո՞ւնքն է վկայակոչում, թե՝ նաեւ փորձաքննության արդյունքներ կան, Գեւորգյանը պատասխանեց, որ առկա է Զաքար Հովհաննիսյանի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, իսկ դատաձգաբանական փորձաքննության եզրակացությունը չկա: Նա նաեւ ասաց, որ հանցագործության գործիք զենքը հայտնաբերված չէ, հայտնաբերված չէ նաեւ պարկուճը: Պաշտպանը նշեց, որ գնդակը հայտնաբերված է, բայց դրանից հետո փորձաքննություն չի նշանակվել. «Պետք է զենքը հայտնաբերեն, նույնականացում անեն, տեսնեն՝ այդ զենքից կարող էր այդ գնդակը կրակած լիներ»: Դիտարկմանը՝ եթե ըստ քրեական գործի՝ խոսվում է այն մասին, որ պարկուճները փոխվել են, ապա ինչպե՞ս պետք է նույնականացում արվի, Վաղարշակ Գեւորգյանը ասաց, որ ինքը տեղյակ չէ՝ այդ պարկուճները փոխվել են, թե՝ ոչ. «Կոնկրետ դեպքում գնդակը հայտնաբերվել է Զաքար Հովհաննիսյանի մարմնի մեջ, խոսքը 9մմ տրամաչափի մասին է, որն այսօր առկա է: Ատրճանակը կգտնեն, կնշանակեն փորձաքննություն, կպարզեն՝ դրանից կրակված է, թե՝ ոչ»,- ասաց նա:
Մեր հարցին՝ Գեղամ Պետրոսյանը դատարանում հայտարարությամբ հանդես եկե՞լ է, պաշտպանը բացասական պատասխան տվեց. «Նա առհասարկ որեւէ հայտարարություն չի անում: Մենք ոչ մեկին չենք վստահում, այդ իսկ պատճառով հայտարարություններ չենք անում»,- ասաց նա: Մյուս հարցին՝ Գեղամ Պետրոսյանը Մարտի 1-ի գործով անցնող որեւէ անձի դեմ ցուցմունք տվե՞լ է, Վաղարշակ Գեւորգյանը նշեց, թե ինքը այս մեղադրանքի շրջանակում որեւէ այդպիսի նյութի չի տիրապետում: Մյուս հարցին՝ Պետրոսյանն ընդունո՞ւմ է, որ իր եւ Զաքար Հովհաննիսյանի միջեւ միջադեպ է տեղի ունեցել, Գեւորգյանը նշեց, որ առհասարակ ոչ դրա, ոչ որեւէ այլ հանգամանքի վերաբերյալ Պետրոսյանը դիրքորոշում չի հայտնել: Պաշտպանը հավելեց, որ Զաքար Հովհաննիսյանի եւ Պետրոսյանի միջեւ տեղի ունեցած ենթադրյալ միջադեպի մասին ցուցմունք տված անձի հետ իր պաշտպանյալը չի առերեսվել: Նրա խոսքով՝ վարույթն իրականացնող մարմինը փորձել է առերեսում իրականացնել, բայց իրենք այդ քննչական գործողությունից հրաժարվել են՝ չիմանալով անգամ, թե ում հետ պետք է առերեսվել. «Մենք առհասարակ որեւէ առերեսումից կամ այլ քննչական գործողության մասնակցելուց հրաժարվում ենք՝ օգտվելով մեր իրավունքներից»:
Մեր հարցին ի պատասխան Վաղարշակ Գեւորգյանը ասաց, որ իր պաշտպանյալ Պետրոսյանը ունեցել է իրեն ամրակցված «Մակարով» տիպի ատրճանակ: Մեր ճշտող հարցին՝ այդ զենքի՞ց է արձակվել կրակոցը, պաշտպանը պատասխանեց, որ միանշանակ այդ զենքից չի արձակվել, որովհետեւ Գեղամ Պետրոսյանը նման արարք առհասարակ չի կատարել:
Նշենք, որ դատարան բերված Գեղամ Պետրոսյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ գրքով փակելով դեմքը: