Կլինեն խիստ և անհանդուրժողական ցանկացած խախտման դեպքում. ՃՈ պետի ուղերձը
Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը Վերջին զանգին ընդառաջ ուղերձով է հանդես եկել: Դրանում ասվում է. «Մայիսի 24-ին հանրապետության դպրոցներում «Վերջին զանգի» ավանդական արարողությունն է: Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի որևէ միջադեպ չմթագնի մեր երեխաների համար այդքան կարևոր օրվա պայծառությունը: Առաջին հերթին կոչ եմ անում շրջանավարտներին ձեռնպահ մնալ մեքենա վարելուց: Ծնողներին խնդրում և հորդորում եմ՝ տրանսպորտային միջոցներ մի տրամադրեք անչափահասներին, նաև ձեր ներկայությամբ կանխեք արկածախնդրության հնարավոր դրսևորումներն ու հետևանքները: «Վերջին զանգի» միջոցառման օրն առավոտից Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներն ուժեղացված ծառայություն են իրականացնելու դպրոցների մոտ ու միջոցառումների վայրերում: Մեր կողմից ձեռնարկվելու են բոլոր միջոցները հասարակական կարգն ու մարդկանց անվտանգությունն ապահովելու համար: Հասարակական կարգի ցանկացած խախտման հանդեպ դրսևորվելու է խիստ ու անհանդուրժողական վերաբերմունք: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ շրջանավարտներին տոնի առթիվ և մաղթում անվտանգ ու անխոչընդոտ երթ կյանքի ճանապարհին»:

Պատահարներ