ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ահաբեկչության մասին կեղծ ահազանգը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից է արվել. ԱԱԾ
ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքում ահաբեկչության մասին տրված ահազանգը կեղծ էր: Այս մասին տեղեկացնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից։
Ահազանգը կատարվել էր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանքի տակ պահվող՝ ավազակության, յուրացման և փաստաթղթերի կեղծման համար մեղադրվող անձի կողմից: ՀՀ ԱՆ ՔԿԾ աշխատակիցների հետ համատեղ կատարված չնախատեսված խուզարկության արդյունքում կալանավորի խցում հայտնաբերվել են «wi-fi» սարք, լիցքավորիչ և 5 բջջային հեռախոս, ինչպես նաև այն բջջային հեռախոսաքարտը, որով կատարվել է պայթուցիկի մասին կեղծ ահազանգը:
Ահաբեկչության մասին սուտ հաղորդման դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվում:
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 14-ին, ժամը 14:10-ին ոստիկանության թեժ գծին ահազանգ էր ստացվել, որ կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Աշխատակիցները տարհանվել են շենքից, ավելի ուշ պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել։