Ի՞նչ եղան ԱԺ բակում հայտնված հավերը.«Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարոն Սիմիդյան, ԱԺ բակում հայտնված հավերին ի՞նչ արեցիք, նրանք դեռ տարածքո՞ւմ են․ հարցրինք «Իմ քայլը» ֆրակցիայի քարտուղար Հակոբ Սիմիդյանին։ «Անկեղծ որ ասեմ` լրատվամիջոցներից իմացա, որ նման բան է եղել, մեծ հաշվով չհասկացա էլ, թե հավերն ինչու էին հայտնվել ԱԺ-ում՝ չեմ տիրապետում»:
Անտարբեր եք, էլի, հավերի նկատմամբ, այսօր ԱԺ-ն կենդանիներին առնչվող` ԲՀԿ-ի նախագիծն էր դրել քննարկման. ի դեպ, հավերը շատ գեղեցիկ էին նայվում ԱԺ կանաչ խոտի ֆոնին։ «Ինֆորմացիան շատ է, չենք կարողանում ամեն ինչին հետևել. չգիտեմ` հետո դրանք ինչ են արվել»:
Ի՞նչ արեցիք հավերի հետ` հարցրինք ԱԺ աշխատակազմի պատասխանատուին։ «Բռնեցինք նրանց, տրամադրեցինք անհրաժեշտ նպատակով»:
Բա դժվար չէ՞ր բռնելը։ «Չէ` ի՞նչ դժվար, բռնեցինք, ու քանի որ հավերը մեր ենթակայության տակ չէին, մենք գրությամբ հանձնարարեցինք պահպանության ծառայությանը` նրանց տրամադրել բարեգործական նպատակներով։ Ի դեպ, մենք պատրաստվում ենք ԱԺ տարածքում սկյուռիկներ բազմացնել»: Կատուներ էլ կարծես շատ ունեք։ «Հա, ունենք, բայց ո՛չ Ձեր ասածի չափ շատ»: Ագռավների պակաս էլ կարծես չկա։ «Չէ, հիմա ագռավներ գրեթե չկան, Արթուր Բաղդասարյանը կրակել տվեց նրանց վրա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում