Կուրացած մարդ չկա․ Մալայանը՝ հիվանդանոցում սկանդալային իրավիճակի մասին
Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում սկանդալային իրավիճակ է ստեղծվել։ «Հրապարակի» տեղեկություններով՝ երկու օր առաջ «Նատալի ֆարմ» ընկերությունից ստացված դեղամիջոց է ներարկվել թվով 8 հիվանդի, որոնք հաջորդ օրն արթնացել են գրեթե կուրացած․ միայն լույսն ու ստվերն են կսարողացել տարբերել։
Կլինիկայում խուճապ է առաջացել, անմիջապես նշված դեղորայքի փորձաքննություն են կատարել և հիվանդներին տեղեկացրել են, որ դեղորայքի մեջ ագրեսիվ հարուցիչ՝ ինֆեկցիա է հայտնաբերվել, որը կուրություն է առաջացրել։
Լրատվականը հայտնում է, որ կլինիկան անմիջապես վիրահատություններ է իրականացրել և հուսադրել է հիվանդներին, որ մի քանի ամսում տեսողությունը կվերականգնվի։ Լրատվամիջոցին զանգահարած քաղաքացին հիվանդաներից մեկի հայրն է եղել, որը խիստ վրդովված էր և կասկածում էր, որ իր որդու տեսողությունը ամբողջությամբ վերականգնվելու է։ Ներկայում հիվանդանոցում է առողջապահության փոխնախարարը։
Տեղեկատվության իսկությունը ճշտելու և այլ մանրամասներ պարզելու նպատակով Aurora News-ը կապ հաստատաեց Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանի հետ: Նա նշեց, որ, բարեբախտաբար, ոչ ոք չի կուրացել, ինչպես գրում են որոշ լրատվամիջոցներ․ «Ոչ ոք չի կուրացել, ինչպես գրում են որոշ լրատվականներ և խոսքը ոչ թե 8, այլ 5 մարդու մասին է։ Կուրության բացարձակ գոյություն չունի, ժամանակին միջոցներ են ձեռնարկվել և այդ մարդիկ տեսնում են բավականին լավ։ Իրենք ստացել են համապատասխան բարձր որակի վիրահատական օգնություն և հիմա ապաքինվում են։ Որոշ լրատվականներ այդ մարդկանց կույր դարձրեցին»։
Հարցին, թե այնուամենայնիվ ի՞նչ է պատճառը, որ նման իրավիճակ է ստեղծվել, նշեց․ «Փորձաքննության արդյունքում կիմանանք, թե կատարվածի առաջնակի մեղավորն ո՞վ է՝ դեղորայքը, պայմանները, թե այլ պատճառ կա։ Հարցն ունի քրեական հնչեղություն, դրա համար խնդրի պատճառը պարզելու և կոնկրետ մեղավորների մատնանշելու համար պետք է սպասենք փորձաքննության պատասխանին։ Կարևոր է շեշտել, որ կուրացած մարդ չկա»,- եզրափակեց բժիշկը։
Aurora News-ը կապ հաստատեց նաև «Նատալի ֆարմ» ընկերության հետ, որտեղից էլ մեզ հորդորեցին զանգահարել վաղը։
Նշենք՝ ավելի վաղը Առողջապահության նախարարությունից տեղեկացել էինք, որ նախարարության աշխատակիցները բժշկական կենտրոնում են։ Ավելի ուշ կտրվի լրացուցիչ ինֆորմացիա։