Փաշինյանը մնացել է հայկական Game of Тhrones-ի առաջին սեզոնի տակ. Աշոտյան
Անբարո է այս օրով այդ բառապաշարով խոսել այն մարդու մասին, ով համակարգել է Շուշիի ազատագրման օպերացիան, կարծում եմ՝ դաստիարակության և բարեկրթության խնդիր է: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի նոր հոսքի դասընթացների մեկնարկի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով այսօրվա ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանի մասին հնչեցրած մտքերին։ Ըստ Աշոտյանի՝ պետական այրին չսազական էր մայիսի 8-ին մեկնարկող եռատոնին խոսել այդ բառապաշարով. «Դեմքի այդ ծամածռություններով, այդ հեգնանքով և անարգանքով խոսել այն մարդկանց մասին, որոնք մասնակցել են մայիսյան հաղթանակներին, որոնց շնորհիվ Արցախի Հանրապետությունը կայացավ, և Հայաստանը վերահաստատեց պետականությունը, և վերջապես, որոնց շնորհիվ Նիկոլ Փաշինյանը այսօր զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը՝ ուղղակի չսազական է»,- ասաց Աշոտյանը։ Նրա խոսքով՝ վարչապետի հաշվետու ասուլիսը պետք է լիներ խոստում-կատարում ձևաչափով։ «Նիկոլ Փաշինյանը մնացել է հայկական Game of Thrones-ի առաջին սեզոնի տակ: Նա չի հասկանում, որ նա պետք է հիմա նկարահանվի երկրորդ, երրորդ, չորրորդ սեզոնում: Ես ականատես եղա քաղաքական մի մարաթոնի, որի ընթացքում մանիպուլյացիան, կեղծիքը, կիսատ-պռատ տեղեկությունը, հրամցնելու վարպետությունը շաղախված էր անթաքույց մաղձով Hանրապետականների հանդեպ»,- ասաց Աշոտյանը: Նա հեգնանքով անդրադարձավ Փաշինյանի այն գնահատականին, որ ՀՀԿ–ն վաղուց կասեցված է. «Հանրապետականներին կասեցնելու երազախաբությամբ թող տառապի մեր այսօրվա վարչապետը, որովհետև նման բան փորձել են անել մեկ էլ խորհրդային ժամանակներում Սովետական իշխանությունները: Հանրապետականը շարունակելու է քաղաքական պայքարը»,- հայտարարեց Արմեն Աշոտյանը:

Քաղաքականություն

Պատահարներ