«Տույ» մականունով հայտնի քրեական հեղինակության վերաբերյալ քրգործը կասեցվել է
«Տույ» մականվամբ հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի վերաբերյալ քրեական գործը կասեցվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանից. «Քրեական գործի վարույթը կասեցվել է մարտ ամսին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով»,-փոխանցեց Հարությունյանը։
Նշենք, որ Քրեական դատավարության 31-րդ հոդվածը սահմանում է գործի կասեցման հիմքերը, եւ դրա հիշյալ կետի համաձայն՝ գործը կարող է կասեցվել, եթե հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ։
Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 13-ին քաղաքացի Արման Հակոբյանը ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հաղորդում էր տվել այն մասին, որ 2013թ. «Տույ» մականվամբ հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանը Յուրի Երեմյանի և 7-8 տղամարդկանց հետ միասին քրեական հեղինակություն «Սարատովի Արտյոմ» անունով հայտնի Արտյոմի օգնությամբ, իրեն առևանգել են, 7-8 ժամ պահել անազատության մեջ, ծեծի ենթարկել և սպանության սպառնալիքներ տալու միջոցով պահանջել հրաժարվել իրեն պատկանող հացի արտադրամասի իր մասնաբաժնից, որի դիմաց խոստացել են վճարել 150.000 ԱՄՆ դոլար: Ա.Հակոբյանը ստիպված համաձայնել է կատարել վերջիններիս պահանջը, սակայն նրան վճարել են ընդհամենը 10.000 ԱՄՆ դոլար:
Արման Հակոբյանի խոսքով՝ 2012թ. դեկտեմբերի վերջ Յու. Երեմյանը իրեն հայտնել է, որ իր կնոջ եղբայր Գևորգ Անդրեասյանը իրենից պարքով վերցրել է 60.000 ԱՄՆ դոլար և դա վերադարձնելու շուրջ պարզաբանումներ կատարելու համար իրենից պահանջել է հաջորդ օրը գնալ Երևան քաղաքի Ամիրյան փողոցի վրա գտնվող «Նաթիոնալ» հյուրանոց: Ինքը հրաժարվել է գնալ՝ պարզաբանելով, որ պատասխանատվություն չի կրում Գևորգի վերցրած գումարի համար, սակայն Յու.Երեմյանը ասել է, որ իրեն կանչում է քրեական հեղինակություն Արտյոմը, ով հանցավոր աշխարհում հայտնի է Սարատովի Արտյոմ անվամբ: Հաջորդ օրը Ա.Հակոբյանը պայմանավորված ժամին գնացել է հիշյալ հյուրանոց, որի նախասրահում իրեն դիմավորել են քրեական հեղինակություններ Արտյոմը, ով հանցավոր աշխարհում հայտնի է Սարատովի Արտյոմ անունով, Արթուր Ղազարյանը, ով հանցավոր աշխարհում հայտնի է Տույ մականվամբ, իր գործընկեր Յու.Երեմյանը և իր կնոջ եղբայր՝ Գևորգ Անդրեասյանը: Հյուրանոցում Արտյոմը իրեն ասել է, որ Յու.Երեմյանը այլևս չի ցանկանում աշխատել իր հետ և իրենից պահանջել վերջնահաշվարկ անել ու վճարել Յու.Երեմյանի հասանելիք բաժնեմասի գումարը: Դրանից հետո ինքը Յու.Երեմյանի հետ կատարել է վերջնահաշվարկ, եկել համաձայնության, որ նրա բաժինը կազմում է 120.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, որը ինքը պարտավորվել է վճարել Յու.Երեմյանին: Սակայն Յու.Երեմյանը մտափոխվել է և շարունակել են համատեղ աշխատել մինչև 2013թ. մարտ ամիսը:
2013թ. մարտի սկզբին Յու. Երեմյանը զանգահարել է իրեն, հրավիրել հացի արտադրամաս՝ իր արտադրամասից դուրս գալու հարցը վերջնական քննարկելու պատրվակով:Երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում ինքը գնացել է հացի արտադրամաս, որտեղ մի քանի րոպե Յու.Երեմյանի հետ խոսելուց հետո ներխուժել են Տույը և ևս 7-8 տղամարդիկ: Տույը հայհոյելով հարձակվել է իր վրա, ծեծի ենթարկել և պահանջել գնալ իրենց հետ: Ա.Հակոբյանը հրաժարվել է նրանց հետ գնալ, ինչից հետո Տույը այդ տղամարդկանց հետ միասին բռնել են նրա ձեռքերը և քաշքշելով ստիպողաբար նստեցրել ավտոմեքենա և տեղափոխել Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղիում գտնվող «Լիլիթ» կամ «Լիլիա» անվանումով ինչ-որ հյուրանոց: Հյուրանոցում Տույը շարունակել է իրեն ծեծի ենթարկել, ասել, որ Յու.Երեմյանը մտափոխվել է, չի ցանկանում դուրս գալ համատեղ գործից և պահանջել իրենից, որպեսզի ինքը դուրս գա համատեղ գործից: Ա. Հակոբյանը հրաժարվել է, ինչից հետո Տույը դանակը դրել է իր պարանոցին, սպառնացել պահանջը չկատարելու դեպքում սպանել: Դրանից հետո Ա.Հակոբյանը ստիպված համաձայնել է, սակայն Տույը իրեն ստիպողաբար շարունակել է պահել և ծեծի ենթարկել մինչև լուսաբաց: Հաջորդ օրը Ա. Հակոբյանը կնոջ և Յու. Երեմյանի հետ միասին նոտարական գրասենյակում արտադրամասը իր ամբողջ գույքով փոխանցել են Յու.Երեմյանի սեփականությանը:
Փաստի առթիվ 2018թ. հուլիսի 23-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ 3-րդ վարչության 2-րդ բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 7-րդ կետերով, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Դրանք են՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ եւ շահադիտական դրդումներով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով մարդուն առեւանգելը, ինչպես նաեւ՝ առանձնապես խոշոր չափերով շորթումը։