![Մանրամասներ Ճվճվ Արոյի որդու՝ երկու ոստիկանի կյանք խլած վթարի գործով](https://auroranews.am/storage/img/base_image/old/5b076b959838bf1f6b76e0f9b1e21c16.webp)
Մանրամասներ Ճվճվ Արոյի որդու՝ երկու ոստիկանի կյանք խլած վթարի գործով
![Մանրամասներ Ճվճվ Արոյի որդու՝ երկու ոստիկանի կյանք խլած վթարի գործով](https://auroranews.am/storage/img/base_image/old/5b076b959838bf1f6b76e0f9b1e21c16.webp)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Հարություն Մանուկյանի նախագահությամբ շարունակվեց Ճվճվ Արոյի որդի Սարգիս Վարդանյանի գործի դատական քննությունը: Սարգիս Վարդանյանը մեղադրվում է ճանապարհային ոստիկանության երկու ծառայողների մահվան ելքով վթարի և պատահարի վայրից հեռանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և 244 հոդվածով: Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի հունվարի լույս 8-ի գիշերը՝ ժամը 4 -ն անց 40-ի սահմաններում, վարելով իրեն վստահված «BMW-X6» ավտոմեքենան, չունենալով վարորդական իրավունքի վկայական՝ Սարգիս Վարդանյանը երկու ուղևորով երթևեկել է Աբովյան փողոցով՝ Մոսկովյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովայի պողոտա: Այս մասին հայտնում է 1in am-ը:
Լրատվամիջոցի հրապարակման մեջ մասնավորապես ասվում է՝
Ճանապարհի այդ հատվածում թույլատրելի առավելագույն՝ 60 կմ/ժ արագությունը Սարգիս Վարդանյանը գերազանցել է մոտ երկու անգամ՝ մեքենան վարել է 113 կմ/ժ արագությամբ, ստեղծել է վթարային իրադրություն, ինչի արդյունքում բախվել է կարմիր լույսի տակ, լուսային ազդանշանները միացված վիճակում խաչմերուկ մտած՝ ՃՈ «Տոյոտա» ավտոմեքենային, որի ղեկին ավագ լեյտենանտ Արեգ Դավթյանն էր: «Տոյոտային» բախվելուց հետո Սարգիս Վարդանյանի մեքենան բախվել է նաև գովազդային վահանակին, վնասել է այն ու կանգ է առել: Սարգիս Վարդանյանը լքել է դեպքի վայրն ու հեռացել է: Ոստիկանության ծառայողներ Արեգ Դավթյանն ու Խաչիկ Գասպարյանը վթարի հետևանքով մահացել են: Վթարից որոշ ժամանակ անց «Նաիրի» բ/կ է դիմել 44-ամյա Սուրեն Մ.-ն, հայտնել է, թե մարմնական վնասվածք է ստացել վթարի հետևանքով, քանի որ ինքն է եղել ոստիկանների մահվան ելքով վթարի մասնակից ««BMW-X6» մեքենայի ղեկին: Կարճ ժամանակ անց պարզվել է, որ քաղաքացին ինքն իր նկատմամբ «սուտ մատնություն» է կատարել՝ Ճվճվ Արոյի որդու կատարած վթարը վերցնելով իր վրա: Նույն օրը Սարգիս Վարդանյանը ձերբակալվել է: Սարգիս Վարդանյանի վարած «BMW»-ի մեջ հայտնաբերվել են ռուսական ու հայկական համարանիշեր: Սարգիս Վարդանյանի խափանման միջոցը կալանավորումն է:
Ամբաստանյալ Սարգիս Վարդանյանը վթարի համար իրեն մեղավոր չի ճանաչել: Նա ասել է՝ եթե մեղավոր է, պատրաստ է պատասխանատվության ենթարկվել, սակայն ինքն իրեն մեղավոր չի ճանաչում: Սարգիս Վարդանյանի շահերը պաշտպանում է փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը: Տուժողների իրավահաջորդները բողոքել են Սարգիս Վարդանյանի դեմ ու պնդել են, որ նա ենթարկվի պատասխանատվության ու խստագույն պատժի: Տուժող Արեգ Դավթյանի իրավահաջորդի ներկայացուցիչը փաստաբան Ռուբեն Բալոյանն է, իսկ տուժող Խաչիկ Գասպարյանի իրավահաջորդի ներկայացուցիչը՝ փաստաբան Զարուհի Վարդանյանը: Դեպքի պահին ոստիկանական «Տոյոտայի» ղեկին գտնված ու կարմիր լույսի պայմաններում խաչմերուկ մուտք գործած Արեգ Դավթյանի մասով նախաքննական փուլում քրեական հետապնդումը դադարեցվել է՝ Ա. Դավթյանի մահվան կապակցությամբ: Նախորդ նիստերից մեկում ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Հ. Մարտիրոսյանը միջնորդել էր պաշտպանական կողմին տրամադրել հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները թույլատրելու վերաբերյալ նյութերը: Դատարանը, կողմերին լսելով, մերժել էր միջնորդությունը՝ նշելով, որ ամբաստանյալի նախկին պաշտպան, փաստաբան Ս. Ջաղինյանի կողմից համանման միջնորդություն դատարանում արդեն իսկ արվել է, դատարանը որոշում է կայացրել, այդ կապակցությամբ որոշում է կայացրել նաև վերաքննիչ դատարանը: Գաղտնալսված հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները դատարանում հրապարակվել են դռնփակ պայմաններում՝ հաշվի առնելով այդ խոսակցություններում հայհոյանքների առատությունը: Մինչ այդ դռնբաց պայմաններում հրապարակվել էր նույն հեռախոսային գաղտնալսված խոսակցությունների ձայնագրությունների զննության արձանագրությունը:
Մասնավորապես՝ հրապարակվել էր Սարգիս Վարդանյանի և Սուրեն Մ.-ի այն խոսակցությունը, որի ժամանակ Սարգիսն առաջարկել էր, որ Սուրենն իր վրա վերցնի վթարի մեղավորությունը. «Սարգիս-Հալալ ախպերդ կարա՞ քեզ մի բան խնդրի»: «Սուրեն-Հա, ո՞նց չի կարա»: «Սարգիս-Ոտքի վրա ձիգ ձևի քեզ պահի, բ…-ի տղա ըլնեմ, մինչև վերջ, Աստվածիս արև, տղու պես հետդ եմ…»: «Սուրեն-Տոչնի ա սաղ… Կասեմ՝ վատ եմ զգացել պռոստը ինձի…»: Սակայն Սուրենի՝ «մեղայականով» ներկայանալու կեղծ լինելը կարճ ժամանակում բացահայտվել է, Սուրենին բաց են թողել, դրանից հետո Սուրենը Սարգիսի եղբայր Սերժի հետ հեռախոսային խոսակցությունում ասել է. «Սուրեն-Կամերաներով սաղ դրած-նկարած… Աբովյան-խաչմերուկի կամերաներով… Էդի բերին ցույց տվին,ասին՝ ո՞ւր ես, ինձի չտեսան…»: «Սերժո-Բա ո՞ւմ տեսան…»: «Սուրեն-Չեմ մանում, ընդեղ սաղ խառը խշտի… 100 տոկոս սաղ էրևում էր, հատ-հատ սաղ էրևում ա…»: «Սերժո-Էդի հեսա Շամշյանը կգցի սայտ…»: «Սուրեն-Չեմ մանում ոնց ա էղել… Էն կամերաներից կար՝ ֆռովիներից, սաղ սենց ֆռցրե նկարել էին… սաղ էրևում ա՝ ընդեղ ինչա, ոնցա…»: Գաղտնալսված հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունների հրապարկումից հետո ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Հ. Մարտիրոսյանը նորից միջնորդություն է ներկայացրել, որ դատարանը պահանջի ու պաշտպանական կողմին տրամադրի Սարգիս Վարդանյանի մուտքային ու ելքային հեռախոսազանգերի վերահսկում իրականացնելու թույլտվության վերաբերյալ բոլոր նյութերը: