Եղել են սեփական դեսպանատներ, որտեղ նույնիսկ գույքը պատկանել է կոնկրետ մարդու. Փաշինյան
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր կառավարության հերթական նիստին ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարությանը գումար հատկացնելու որոշման նախագիծը:
Նախարարն ասաց, որ դիվանագիտական ծառայության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով 2018 թվականի մայիսից ի վեր որդեգրվեց սկզբունքային քաղաքականություն՝ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ նշանակել կադրային դիվանագետներ ԱԳՆ համակարգից: «Սա ի հայտ բերեց որոշ պահանջներ՝ որոշ ֆինանսական վերահաշվարկների համար»,-ասաց նախարարը:
Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց, որ նախկինում արտերկրում մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների պաշտոնում կատարվել էին նշանակումներ, ովքեր ԱԳՆ համակարգից չէին ու մի մասն իրենց առաջարկությամբ հրաժարվել էին հասանելիք աշխատավարձերից, ընտանիքի անդամների փոխհատուցման գումարներից, բնակարանի վարձակալումներից:
Նախարարի խոսքով՝ այդ պատճառով հիմա օտարերկրյա պետություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության ապահովման նպատակով անհրաժեշտություն է առաջացել նախարարությանը 2019-ի համար հատկացնել 347 մլն 522 հազ. դրամ (115 մլն 840 հազ. դրամ՝ 2019–ի 1-ին կիսամյակի համար, 231 մլն 681 հազ. դրամ՝ 9 ամիսների համար):
Արձագանքելով նախարարին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախկինում դեսպանատներ են եղել, որ պետական գրեթե որևէ ֆինանսավորում չեն ունեցել:
Նախարարն էլ ավելացրեց, որ նման իրավիճակ եղել է ու հենց այդ հանգամանքներն են ի հայտ բերել խնդիրը, որը պահանջում է լրացուցիչ ֆինանսավորում:
Շարունակելով վարչապետը նշեց. «Պետք է խոստովանել, որ բավականին տարօրինակ իրավիճակ է, որովհետև տպավորություն է ստեղծվում, որ երբեմն եղել են իրավիճակներ, երբ գոյություն են ունեցել սեփական դեսպանատներ, այսինքն՝ դեսպանատներ, որտեղ նույնիսկ գույքը պատկանում է մի կոնկրետ մարդու, նրանք հանդես են գալիս պետության անունից, բայց պետական ֆինանսավորում չկա, սա տարօրինակ իրավիճակ է՝ անկախ նրանից, թե ով է դեսպանը»: