Սասուն Միքայելյանի պարագայում լռությունն իսկապես ոսկի է. Իրատես
«Իրատես» թերթը գրում է. «Մարդու ամենամեծ թշնամին լեզուն է: Այս հայտնի ասացվածքն առավել կիրառական է իշխանական պատգամավորների դեպքում: Նիկոլ Փաշինյանի խորհրդարանական թիմը չնայած թվաքանակով գերազանցում է ընդդիմադիր երկու ուժերին միասին վերցրած, սակայն անգամ մեկ ընդդիմադիր ուժի քննադատությանը հակափաստարկներ չի կարողանում բերել: Սահմանափակվում են կամ «քուչի» մակարդակի խոսակցություններով, կամ անձնական վիրավորանքներով: Ընդդիմադիրներն ավելի պրոֆեսիոնալ են, քաղաքականացված: Հավասարազորության խնդիր է առաջանում, քաղաքական մարտերում իշխանությունը տանուլ է տալիս խոշոր հաշվով: «Իմ քայլը» խմբակցությունն անգամ սեփական կառավարության նախագծերը չի կարողանում հիմնավորված պաշտպանել: Իսկ այն ձևով, որով պաշտպանում են, լավ է չանեն: Ասվածի լավագույն օրինակը «հեղափոխությունը» արցախյան ազատամարտից վեր դասող, ԵԿՄ նախագահի պաշտոնը մեկ տարի առաջ չցանկացող, բայց միշտ դրա մասին երազող Սասուն Միքայելյանի հերթական ցնցող ու ծայրահեղ վտանգավոր հայտարարությունն էր: Պատերազմող երկրում երկրապահի ղեկավարը հայտարարում է. «Մենք 2-րդ, 3-րդ գիծ չունենք, մեր զինվորներն առաջնագծում հազիվ են հերիքում, էսօր ակադեմիան 1 տարում են սովորում, ո՞նց կարող է զինվորը 12 ամիս պատրաստվել»: Այս մարդուն հաճախ պետք է հորդորել, որ քիչ խոսի, հերիք չէ պետական գաղտնիք է հրապարակում, նաև Պաշտպանության նախարարության տարիների աշխատանքը մեկ անհեթեթ նախադասությամբ ջուրն է գցում:
Իհարկե, հաջորդ օրը հասկանալով անմտությունը՝ Միքայելյանը հերքեց ինքն իրեն, բայց ուղերձն արդեն համապատասխան երկրի ուժային կառույցներին հասել էր: Հետդարձ չկա: Այս իշխանությունն ամբողջ կազմով աշխատում է նույն սկզբունքով. անհավասարակշիռ հայտարարություններ են անում, հետո հասկանում, թե որքան անպատասխանատու են գտնվել, անմիջապես հերքում են:
Պատերազմ ապրած մարդուն վայել չէ նաև խոսել զինվորներին ընդամենը մեկ ամիս առաջնագծին պատրաստելու մասին` համեմատություններ անցկացնելով խորհրդային տարիների հետ: Այդ տարիներին զինվորական ծառայություն անցած մարդն առնվազն պետք է իմանար, որ նվազագույնը 6 ամիս նորակոչիկները պետք է լուրջ պատրաստություն անցնեին, հետո առաջնագիծ գնային: Չանդրադառնալով այլ մանրամասներին՝ ընդամենը մի դիտարկում. ազատամարտին մասնակցելու հանգամանքը դեռ բավարար պայման չէ խոսելու հաղթանակից ու բանակից, իսկ Սասուն Միքայելյանի պարագայում լռությունն իսկապես ոսկի է»:
Մանրամասներըՙ թերթի այսօրվա համարում: