Փշալարերի մոտ հստակ խոստացել էի, որ ոստիկանների աշխատավարձը կբարձրանա․ Նիկոլ Փաշինյան
Անցյալ տարվա ապրիլի 16-ի մասին տեսանյութում երեւում է, որ փշալարերի առաջ կանգնած հստակ խոստացել էի, որ ոստիկանների աշխատավարձը կբարձրանա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի գրառման մեջ մասնավորապես ասվում է․ «Ընդգծեմ, որ խոստումը կատարված է եւ ոստիկանության աշխատողների աշխատավարձը բարձրացվել է միջինը 20 տոկոսով: Բացի այս՝ պարգեւատրումների նոր համակարգով հիմա ոստիկանության աշխատակիցներ կան, ովքեր իրենց աշխատավարձը կրկնակի, երբեմն եռակի գերազանցող աշխատավարձ են ստանում: Սա այն դեպքում, երբ կոնկրետ հանցագործություններ են բացահայտվում՝ իրենց անձնական ջանքերի շնորհիվ: Հիշեցնեմ, որ մինչեւ 30 տոկոսով բարձրացել է պոլիկլինիկաների աշխատողների աշխատավարձերը, շուրջ 208 հազար մարդու աշխատավարձ բարձրացել է նախորդ տարվա հուլիսի 1-ից՝ կուտակային կենսաթոշակների համակարգում արված փոփոխությունների արդյունքում, այս տարի հուլիսի 1-ից բարձրանում է զինվորականների աշխատավարձը, այս տարի սեպտեմբերի 1-ից բարձրանում է ուսուցիչների աշխատավարձը, 82 հազար նպաստառու եւ թոշակառուի թոշակները եւ նպաստներն են բարձրացել: Պետական բյուջեի եկամտային մասը առաջին եռամսյակում գերակատարվել է 4 տոկոսով, գրանցված աշխատատեղերի թիվը ավելացել է շուրջ 50 հազարով, որը աշխատաշուկայի մոտ 9 տոկոսն է: Առաջիկայում (նաեւ հետագայում) կանդրադառնամ իմ տված բոլոր խոստումներին եւ դրանց կատարման ընթացքին»:

Պատահարներ