Որդեգրելիս առողջ երեխայի տվյալ ցույց չեն տալիս․ քաղաքացին դժգոհում է, քաղաքապետարանից էլ պատասխանում են
Օրեր առաջ Aurora News-ի խմբագրություն էին դիմել ՀՀ քաղաքացիներ Նելլի և Գառնիկ Մկրտչյանները, նշելով, որ ցանկանում են երեխա որդեգրել, սակայն քաղաքապետարանից արհեստական խոչընդոտներ են ստեղծում այս գործընթացում։
Քաղաքացիները մասնավորապես նշում էին, որ իրենց ցույց են տալիս միայն առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների տվյալներ․
«Մեզ ցույց են տալիս միայն լուրջ առողջական խնդիրներ ունեցող երեխաներ, բացի դա ասում են, թե առողջ երեխաներ չկան մանկատներում։ Այնպես չէ, որ առողջական խնդրով երեխա որդեգրելուն դեմ ենք, բայց գոնե բուժելի հիվանդություն լինի երեխայի մոտ»։
Aurora News-ը դիմեց Երևանի քաղաքապետարան, պարզելու համար՝ արդյոք առողջ երեխաներ չկան Երևանի մանկատներում։
Ստորև ներկայացնում ենք նրանց պատասխանը․
«Ի պատասխան Ձեր հարցման, տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 18 մարտի 2010 թվականի N 269 –Ն որոշմամբ հաստատված որդեգրման կարգի համաձայն ՀՀ մշտապես բնակվող քաղաքացիները դիմում են իրենց բնակության վայրի աշխատակազմ երեխա որդեգրելու վերաբերյալ եզրակացություն ստանալու համար և դրական եզրակացություն ստանալուց հետո` որդեգրման ենթակա երեխաների տվյալներին ծանոթանալու նպատակով: Որդեգրման ենթակա երեխաների տվյալները տեղակայված են «Մանուկ» տեղեկատվական շտեմարանում և հասանելի են որդեգրել ցանկացող հաշվառված բոլոր անձանց համար:
Ամուսիններ Նելլի և Գառնիկ Մկրտչյանները 2019 թվականի հունվարի 8-ին դիմել են Երևանի քաղաքապետարան և 2019 թվականի հունվարի 30-ին ստացել են դրական եզրակացություն երեխա որդեգրելու հնարավորության մասին, որից հետո նշված ամուսինները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից վերցվել են կենտրոնացված հաշվառման: Հաշվառումից հետո օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիները կարող էին դիմել աշխատակազմ կամ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ երեխաների տվյալներին ծանոթանալու նպատակով: Քաղաքացիները այդ ընթացքում բազմիցս դիմել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին և ծանոթացել շտեմարանում առկա որդեգրման ենթակա բոլոր երեխաների տվյալներին /263 երեխա, այդ թվում՝ 3-18 տարեկան-208 երեխա, որից առողջ է 17-ը, 0-3 տարեկան-47 երեխա, որից առողջ՝ 2-ը, հարազատական որդեգրություն-8: Այցելությունների վերաբերյալ կան իրենց կողմից ստորագրված փաստաթղթեր:
Ինչ վերաբերվում է ՀՀ մանկատներում գտնվող երեխաների վերաբերյալ տեղեկատվություն հայտնելուն՝ տեղեկացնում ենք, որ այդ խնդրով պետք է դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մանկատները նախարարության ենթակայությամբ են գործում: Տեղեկացնում ենք, որ մանկատներում խնամվում են նաև իրենց ծնողական իրավունքներից չհրաժարված անձանց երեխաներ, որոնք օրենքով նախատեսված հիմքերի բացակայությամբ պայմանավորված դեռևս հաշվառված չեն որպես որդեգրման ենթակա երեխաներ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2018 թվականին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ դիմել և դրական եզրակացություն են ստացել որգեգրել ցանկացող 41, իսկ 2019 թվականի հունվար ամսից առ այսօր 18 անձինք: Հաշվի առնելով, որ երեխաների տվյալները հասանելի են նաև մարզերում հաշվառված որդեգրել ցանկացող անձանց, ինչպես նաև այն, որ բավականին ցածր է առողջական խնդիրներ չունեցող և մանկահասակ /0-3 տարեկան/ երեխաների թիվը, առկա է բավականին մեծ մրցակցություն:
Տեղեկացնում ենք նաև, որ ս.թ. ապրիլի 11-ին նշված ամուսինները դիմել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին և ընտրել որդեգրման ենթակա երեխա, որի վերաբերյալ կկատարվի հարցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ երեխայի որդեգրելու հնարավորության վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով /որդեգրման կարգ, 5–րդ գլուխ, 40-րդ կետ/: Նշված երեխայի վերաբերյալ հարցում կատարելու համար միայն Երևանի քաղաքապետարան դիմել է որդեգրել ցանկացող ևս 5 անձ»:
Քիչ առաջ քաղաքացի Նելլի Մկրտչյանը մեզ տեղեկացրեց, որ Aurora News-ի՝ քաղաքապետարան կատարած հարցումից հետո, իրենց երկու առողջ երեխայի տվյալներ են ներկայացրել։