ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը մեսիջ էր. Դավիթ Բաբայան
Շատ կարեւոր էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի արած մի հայտարարությունը: Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը։
«Մի կողմ դնենք դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը, բայց նա կատարեց մի շատ հետաքրքիր բացատրություն՝ խոսելով Իսրայելի համար Գոլանի բարձունքների մասին: Նա ասել է՝ տեղի է ունեցել ագրեսիա, եւ պաշտպանության տեսանկյունից, երբ մի երկիր ագրեսիայի է առճակատվում թշնամի երկրի կողմից, այդ երկիրն իրավունք ունի ինքնապաշտպանվելու եւ այդ ինքնապաշտպանությունը կարող է դրսեւորվել սահմանների փոփոխությամբ: Այս պարագայում, լեգիտիմացվում է սահմանների փոփոխությունը: Սա շատ կարեւոր հայտարարություն է»,-ասաց Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ իրենք չեն խորանում այդ հայտարարության աշխարհաքաղաքական ենթատեքստի մեջ, այլ միայն փաստն են վերցնում:
«Մենք ասում ենք՝ տեսեք, թե միջազգային հանրության կարծիքներն ինչպես են փոխվում: Տվյալ դեպքում մեզ համար դա շատ կարեւոր փաստարկ է, որը մենք պետք է օգտագործենք: Փաստորեն Ադրբեջանն ագրեսիա է ցուցաբերել Արցախի նկատմամբ, լայնածավալ պատերազմ է սկսել, եւ դրա արդյունքում փոխվել են սահմանները: Ուրեմն այդ սահմանների փոփոխությունը լեգիտիմ է: Սա է փաստորեն ասել ԱՄՆ-ն երկրի պետքարտուղարի եւ նախագահի շուրթերով: Սա, փաստորեն, մեսիջ է, պատգամ է, ԱՄՆ գերտերության տեսլականն է: Մենք սա պետք է հաշվի առնենք եւ նմանատիպ քննարկումների ժամանակ անպայման նման գաղափարները մեջբերենք»,-ասաց նա: