Գազալցակայանների ղեկավարները դժգոհ են օրենք. Ժողովուրդ
Մայիսի 1-ից ՀՀ գազալցակայաններում բնական սեղմված գազը կվաճառվի ոչ թե խորանարդ մետրով, այլ կիլոգրամով: Երեկ Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց գործադիրի կողմից առաջարկված Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Օրենքով նախատեսված կարգավորման առարկան ակցիզային հարկով հարկման նպատակով սեղմված բնական գազի իրացման ծավալները հաշվառող չափման միավորի փոփոխությունն է: Նշենք, որ օրենքի նախագծին կողմ քվեարկեց 107 պատգամավոր, դեմ եւ ձեռնպահ քվեարկողներ չեղան: Ի դեպ, այս օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Այսինքն` մայիսի 1-ից ՀՀ գազալցկայաններում բնական սեղմված գազը կվաճառվի կիլոգրամով: «Էքսպերտ թեչ» ընկերության ղեկավար Մկրտիչ Տիգրանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ թեեւ սեղմված գազը կիլոգրամով վաճառելու համար նախատեսված սարքավորումները լրացուցիչ ծախսեր չեն առաջացնում գազալցակայանների սեփականատերերի մոտ, բայց ավելանում է հարկային բեռը: Տեղեկացնենք, որ 1 տոննա սեղմված բնական գազի ակցիզային հարկի դրույքաչափին համապատասխանող հաշվարկային մեծությունը կկազմի մոտ 34 հազար 867 դրամ, իսկ նախագծով առաջարկվում է դրույքաչափը սահմանել մի փոքր ավելի ցածր մակարդակում` 1 տոննայի հաշվով` 34 հազար դրամ: «Տնտեսական հաշվարկներ են. «Գազպրոմ Արմենիա»-ի եւ ՊԵԿ-ի հետ գազալցակայանների հաշվարկները բավականին բարդանում են, քանի որ նրանք գազը ստանալու են խորանարդ մետրով, բայց վաճառելու են կիլոգրամով: Այն հարցը, թե ինչպես են հաշվարկ անելու, դեռեւս օդում կախված է: Այդ հաշվարկի գործընթացը բարդանում է, եւ կարելի է ասել, որ դառնում է անվերահսկելի: Չէ՞ որ գազի խտությունը տարբերվում է. փոփոխական է, մշտական չէ, օրվա տարբեր ժամերին կարող է տարբեր խտություն ունենալ, եղանակից եւս կախված կարող է այն տարբեր լինել: Նման դեպքերում ՊԵԿ-ում այս հարցերին այլ ձեւով են նայում, չեն խորանում դետալների, նրբությունների մեջ: Դե արի ու ապացուցի, որ խորանարդ ստացել եմ, կիլոգրամով վաճառում եմ, սա է ստացվել: Կաշխատեն մեկ ամիս, կտեսնեն ինչ է ստացվում, կսկսեն գինը բարձրացնել կամ կբերեն այն համապատասխան գնին, որից իրենք չեն տուժում: Հո մինուսով չե՞ն աշխատելու»,- անկեղծացավ մասնագետը` միաժամանակ նկատելով, որ այս պահին հնարավոր չէ հստակ կանխատեսել` կբարձրանա գինը, թե ոչ: Նկատենք, որ կառավարության վերջին նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ հայտարարել է. «Գազալցակայանների շուկայում կառավարությունը որեւէ ազդեցություն թողնող որոշում չի կայացրել, եւ թանկացումների մասին բոլոր խոսակցությունները մանիպուլյացիաներ են»: Միաժամանակ նա զգուշացրել է. «Որոշ նախկին օլիգարխներ, եթե մտածում են, որ իրենք կարողանալու են այս իրավիճակում մանիպուլյացիաների դաշտ մտնել, սխալվում են»: Մանրամասներըՙ թերթի համարում:

Քաղաքականություն