ՊԵԿ-ին պարգևատրումների համար որոշմանը դեմ են քվեարկել ֆինանսների նախարարն ու մշակույթի փոխնախարարը
Կառավարության այսօր կայացած նիստում ՊԵԿ-ին 2 միլիարդ 330 հազար դրամ հատկացնելու որոշմանը դեմ քվեարկեցին ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ու մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը: Վարչապետի խոսքով` սա առանձին վերցրած պաշտոնյաների բարեկեցության հարցը չէ, այլ հանրությանը որակյալ ծառայություններ մատուցելու մասին է։ Նա օրինակ բերեց. «Մաքսային ծառայողը, որն օրական միլիոնավոր դրամների ապրանքի հետ առնչություն է ունենում, ստանում է160 հազար դրամ աշխատավարձ, եթե մենք այս իրավիճակը թողնում ենք այսպես, իրական ուղերձն այն է, որ գնա, քո գլխի ճարը տես»,- ասաց վարչապետը, իսկ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հակադարձեց, որ որևէ գումարի չափ չի կարող լուծել այս խնդիրը: «Բոլոր պետական մարմիններն էլ կարևոր աշխատանք են կատարում, ՊԵԿ-ը 2018 թվականին ունեցել է երկու անգամ ավելի բարձր հնարավորություն, քան հիմա է բյուջեով նախատեսված: Մենք չենք կարծում, որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում այս լրացուցիչ վճարը տալու է այն արդյունքը, ինչն ակնկալվում է»,- նշեց Ատոմ Ջանջուղազյանը։ Արձագանքելով` վարչապետն ասաց. «Պարոն Ջանջուղազյանը հարյուր տոկոսով ճիշտ է, բայց կա մի ճշմարտություն՝ ձիերի երամակը կանգնեցնելու համար անխուսափելիորեն ինչ-որ տարածք պետք է նրա հետ վազես, հակառակ դեպքում` չես կանգնեցնի»: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը տեղեկացրեց, որ որոշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ ՊԵԿ-ի 2019 թվականի պարգևատրման ֆոնդը նախատեսվել է 1 միլիարդ 836 հազար դրամ, ինչը բավարար չէ:

Քաղաքականություն