«Փայ չի մտնի». «Մոդուս Գրանում Հոլդինգի» ստուգումների հետևում Վանեցյանը կանգնած չէ
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հերքում է «Ժամանակ» թերթում հրաապարակված «Մոդուս Գրանում Հոլդինգի» ստուգումների հետեւում կանգնած է Վանեցյանը» հրապարակումը: ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ձեր թերթում եւ կայքում տպագրվել է «Փայ կմտնի» վերնագրով «լուր», որն ապատեղեկատվություն է, չունի իրականության հետ որեւէ կապ, եւ պարունակում է զրպարտչական բնույթի «տեղեկատվություն»։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը»: Միաժամանակ, «Զանգվածային լրատվության միջոցների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, «Անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը»: Սույնով կտրականապես հերքում եմ այդ հոդվածում հրամցվածն այն մասով, որն առնչվում է ՀՀ ԱԱԾ տնօրեն Ա․ Վանեցյանին եւ, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ կետի համաձայն, պահանջում եմ հրապարակել հերքումը: Միաժամանակ, տեղեկացնում եմ, որ նշված տեղեկությունները սահմանված կարգով չհերքելու դեպքում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դիմելու ենք իրավունքի պաշտպանության այլ միջոցների։ Ավելացնեմ նաեւ, որ մենք բաց ենք մամուլի հետ աշխատանքում եւ ՀՀ ԱԱԾ գործունեության հետ որեւէ կերպ առնչվող ցանկացած նյութ հրապարակելիս՝ ամբողջական պատկեր ունենալու համար, միշտ կարող եք ճշտել նաեւ կառույցի պաշտոնական կարծիքն ու դիրքորոշումն այդ հարցում»: Հիշեցնենք, որ "Ժամանակ" օրաթերթը գրել էր. «Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները ստուգումներ են իրականացնում «Մոդուս Գրանում Հոլդինգում». այս ընկերությանն է պատկանում Արմաշի ալրաղաց կոմբինատը, քարի եւ պեռլիտի վերամշակման գործարաններ: Ոստիկանությանը զուգահեռ՝ ընկերությունում ստուգումներ է իրականացնում նաեւ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունը: Մեր տեղեկություններով՝ այդ ստուգումների եւ ըստ էության՝ հետապնդման հետեւում կանգնած է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Պատմական փորձը հուշում է, որ նման բռնաճնշումների նպատակը մեկն է՝ ուրիշի ունեցվածքին տիրանալը բիզնեսի մեջ փայ մտնելու ձեւով»:

Քաղաքականություն