Մեզ այստեղ բերել է ժողովուրդը, մեզ այստեղից կարող է հեռացնել ժողովուրդը․ Փաշինյան
Հին դիսկուրսի համար նոր Հայաստանում տեղ չկա, այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա մի քանի վայրկյան տատանվեց՝ ասե՞լ, թե չասե՞լ և արդյոք վարչապետի կողմից ճի՞շտ է հրապարակայնորեն նման բան ասելը, բայց վերջը որոշեց ասել.
«Ո՞րն է եղել որևէ իշխանության առաջին խնդիրը, եղել է իշխանությունը պահելը և ամբողջ գործողությունների տրամաբանությունը ձևավորվել է այդպես: Ի վերջո, ինչո՞ւ են ընտրությունները կեղծվել, որովհետև օրակարգի թիվ մեկ խնդիրը եղել է իշխանությունը պահելը, ինչո՞ւ են երկրում քաղբանտարկյալներ եղել, որովհետև թիվ մեկ խնդիրը եղել է իշխանություն պահելը, ընդհանրապես, ինչո՞ւ է կոռուպցիա եղել, որովհետև թիվ մեկ խնդիրը եղել է իշխանություն պահելը, ինչո՞ւ են խրցերով լրատվամիջոցներ առել, որովհետև թիվ մեկ խնդիրը եղել է իշխանություն պահելը:
Ես ուզում եմ հիմա ասել, ես հույս ունեմ, որ Հայաստանի քաղաքացիները գիտեն՝ մեր օրակարգում, իմ օրակարգում իշխանությունը պահելու խնդիր չկա: Իմ օրակարգում ոչ միայն իշխանությունը պահելը առաջին կետը չի, այլև ընդհանրապես, իմ օրակարգում այդպիսի հարց գոյություն չունի: Եթե հանկարծ այդ հարցը իմ օրակարգում հայտնի, ես կհամարեմ, որ այն ճանապարհը, որը անցել եմ, իզուր եմ անցել»:
Նա կարևոր համարեց խորհրդարանում կառավարության գործունեության ծրագրի քննարկումների բովանդակությունը, դրանց ոճը:
«Սա մեզ համար հնարավորություն է, որ էն ջանքը, որ մենք կարող ենք գործադրել և այն էներգիան, որ մենք կարող ենք գործադրել երկրում որակական և խորքային փոփոխություններ անել, մենք այս ժամանակաշրջանը իսկապես օգտագործենք դրա համար: Հայաստանում ընտրություններ չեն կեղծվելու այլևս, ՀՀ կառավարության օրակարգում իշխանություն պահելու հարց գոյություն չունի այլևս: Մեզ այստեղ բերել է ժողովուրդը, մեզ այստեղից կարող է հեռացնել ժողովուրդը», - հայտարարեց վարչապետը: