ՏԵՍԱՆՅՈՒԹ.Փորձում են պարզել մատնահարդարման կենտրոնից գողություն կատարած կնոջ ինքնությունը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու մատնահարդարման կենտրոնում առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։
2018թ. դեկտեմբերի 29-ին՝ ժամը 22:55-ին, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2019թ. դեկտեմբերի 28-ին՝ ժամը 17:40-ից մինչև 18:30-նն ընկած ժամանակահատվածում, Երևանի Թումանյան փողոցում գործող մատնահարդարման կենտրոնի սպասասրահում իր պայուսակից գաղտնի հափշտակվել է դրամապանակ, որի մեջ եղել են բանկային քարտեր և գումար՝ պատճառելով 308 000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Դեպքի առթիվ 2019թ. հունվարի 5-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել է մատնահարդարման կենտրոնում տեղադրված տեսախցիկների տեսագրությունը, ենթարկվել զննության:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: