Որևէ պաշտոնի հավակնություն չունեմ. «հանգիստ նստեք տեղներդ». Արմեն Ամիրյան պատասխանել է Հետք»-ի հրապարակմանը
Մշակույթի նախկին նախարար, Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Արմեն Ամիրյանը Facebook սոցիալական ցանցում պատասխանել է վերջին օրերին լրատվամիջոցներում տարածված հրապարակումներին, մասնավորապես իր հիմնադրած «Ար Ռադիո Միջմայրցամաքային» ՍՊԸ-ին, որն, ըստ մամուլի հրապարակումների, տարիներ շարունակ անհատույց տարածք է զբաղեցրել Հանրային ռադիոյի շենքում ու օգտվել ռադիոյի գույքից։
«Մեր ընկերությունը հանրային ռադիոյին վարձակալության դիմաց տարեկան վճարում է 10,6 մլն դրամ, ինչը ավելին է, քան հիշյալ շրջանում վարձակալությամբ տրվող վերանորոգված տարածքների առաջարկը։ Ի՞նչն է այստեղ անօրինական կամ բարոյական տեսանկյունից վատ։ Այն, որ առաջնորդվելով ընկերներին օգնելու տրամաբանությամբ 4-րդ հարկում վարձակալել ենք խիստ անբարեկարգ տարածք, վերանորոգել և շուկայական արժեքի վերին սանդղակով վճարում ենք դրա դիմաց»,– նշել է Ամիրյանը:
Նա անդրադարձել է նաև իր` Հայաստանից արտագաղթելու մասին հրապարակումերին` դրանք կոչելով «բացարձակ անհեթեթություն»։
«Ես ազատ մարդ եմ և յուրաքանչյուր ամիս մեկնում եմ արտասահման՝ մեր ընկերության գործերով և անձնական ծրագրերով։ Ձեր տրամաբանությամբ յուրաքանչյուր ամիս պետք է գրեք, որ Ամիրյանը արտագաղթեց Ռուսաստան, հաջորդ ամիս ներգաղթեց, ապա արտագաղթեց ԱՄՆ, հաջորդ ամիս ներգաղթեց»,– գրում է Ամիրյանը։
Իր մասին լուրեր տարածող լրատվամիջոցների մասին էլ Ամիրյանը կարծիք է հայտնում, թե փորձում են հասարակության մի հատվածի գրգռված տրամադրությունն էլ ավելի բորբոքել։
«Ես հասկանում եմ, որ առաջիկայում որոշ պաշտոնների ընտրության հարց կա, և դա ձեզ խիստ նյարդայնացնում է։ Միանգամից ասեմ, որ որևէ պաշտոնի հավակնություն չունեմ։ Եվ վերջում հիշյալ լրատվամիջոցների ղեկավարների և մյուս ոգևորվածների համար կրկնում եմ վերջերս նորաձև դարձած և այս թեմային շատ համապատասխան խոսքը. «Հանգիստ նստե՛ք տեղներդ»»,– եզրափակել է Ամիրյանը։