«Լիդիան»-ը հայտարարել է ՀՀ կառավարության հետ վեճերի առկայության մասին
«Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ» ընկերությունը հայտարարել է, որ Ամուլսարի ոսկու ծրագրի ճանապարհների շարունակական շրջափակման կապակցությամբ Lydian UK Corporation Limited եւ Lydian Canada Ventures Corporation Ընկերության դուստր կազմակերպությունները պաշտոնապես տեղյակ են պահել ՀՀ կառավարությանը, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության եւ ՀՀ կառավարության միջեւ Ներդրումների խրախուսման եւ պաշտպանության պայմանագրի եւ Կանադայի կառավարության եւ ՀՀ կառավարության միջեւ Ներդրումների խրախուսման եւ պաշտպանության պայմանագրի շրջանակներում ՀՀ կառավարության հետ վեճերի առկայության մասին:
Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:
Մեծ Բրիտանայի հետ երկկողմ համաձայնագրի շրջանակներում Lydian UK-ը կարող է վեճը ներկայացնել միջազգային արբիտրաժ պաշտոնական ծանուցումից 3 ամիս անց, իսկ Lydian Canada-ն Կանադայի հետ երկկողմ համաձայնագրի համաձայն՝ 6 ամիս անց: Միեւնույն ժամանակ ՀՀ կառավարության համար բաց են Լիդիանի հետ առկա վեճերը քննարկելու եւ արագ լուծումներ տալու հնարավորությունները:
Արդյոք Lydian UK-ը կամ Lydian Canada-ն կանցնեն բուն արբիտրաժային գործընթացին, կախված կլինի Հայաստանի կառավարության գործողություններից: Lydian UK-ը կամ Lydian Canada-ն չեն երաշխավորում, որ կանցնեն բուն արբիտրաժին կամ կդիմեն այլ միջազգային արբիտրաժային դատարան եւ կամ դրա հնարավոր արդյունքները: Ընկերությունը այս կապակցությամբ որեւէ հետագա մեկնաբանություն չի տրամադրելու, բացի օրենքով նախատեսված դեպքերը: