Բեզոարյան այծի որսալու հետևանքով բնությանը հասցվել է 3 մլն դրամի վնաս
Ս․թ․ դեկտեմբերի 19-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց Ձորի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների, Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների համատեղ համագործակցության արդյունքում բացահայտվել է բեզոարյան այծի ապօրինի որսի դեպք։ Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարությունից: Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ավտոկայանատեղում կատարված մեքենայի զննությամբ՝ մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է մորթված և մաշկված մեկ բեզոարյան այծ։ Կատարված հարցաքննությամբ պարզվել է, որ կենդանուն ապօրինի որսացել է Արարատի մարզի բնակիչ ՝ Վ․ Ասատրյանը, իր անձնական զենքով: Որսը կատարվել է Վայոց ձոր մարզի Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող «Հարսնասար» ռեստորանային համալիրի հետնամասում գտնվող այգիների հարակից տարածքում։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հաշվարկվել է բնությանը 3 մլն ՀՀ դրամի չափով պատճառված վնաս։ Տեղեկացնում ենք, որ բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին ՀՀ օրենքի համաձայն Բեզոարյան այծի որսի և (կամ) ոչնչացման դեպքում` յուրաքանչյուր միավորի (անկախ տարիքից) համար կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագինը կազմում է 3 մլն. դրամ (հատուկ պահպանվող տարածքներում՝ հնգապատիկի չափով), ինչպես նաև եթե իրավախախտման արդյունքում պատճառվել է խոշոր վնաս (ապօրինի որսի դեպքում խոշոր վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող գումարը), ապա իրավախախտը ենթակա է քրեական պատասխանատվության համապատասխան օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով:

Քաղաքականություն