Ռազմական

Լայնածավալ օդային հարձակման. ՌԴ-ն գիշերը ռմբակոծել է Ուկրաինան. կան զոհեր

Լայնածավալ օդային հարձակման. ՌԴ-ն գիշերը ռմբակոծել է Ուկրաինան. կան զոհեր

Ռուսական զորքերը հուլիսի 30-ի գիշերը հրթիռային և անօդաչու թռչող սարքերի համակցված հարվածներ են հասցրել Ուկրաինային։ Կիևում հրթիռների բեկորներն ընկել են մայրաքաղաքի մի քանի շրջաններում՝ առաջացնելով հրդեհներ, Telegram-ում հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։


Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի տվյալներով՝ հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է։


Լվովում նույնպես պայթյուններ են լսվել, գործել է հակաօդային պաշտպանությունը։ Քաղաքապետ Անդրեյ Սադովոյը և Լվովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին հայտնել են, որ վնասվել են երկու բազմաբնակարան շենքեր։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարական ծառայությունները։


Խարկովում, քաղաքապետ Իգոր Տերեխովի խոսքով, «Շահեդ» տիպի անօդաչու թռչող սարքը հարվածել է Նովոբավարսկի շրջանի արդյունաբերական գոտուն։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվել։


Ուկրաինայի ռազմաօդային ուժերը նախապես զգուշացրել էին, որ ռուսական կողմը դեպի երկրի տարբեր շրջաններ արձակել է բալիստիկ և թևավոր հրթիռներ, հարվածային անօդաչու թռչող սարքեր և կառավարվող ավիառումբեր։


Ուկրաինական լրատվամիջոցների տեղեկություններով՝ պայթյուններ են գրանցվել նաև Վիննիցայի, Չերկասիի, Կրիվոյ Ռոգի, Սումիի շրջաններում, ինչպես նաև Իվանո-Ֆրանկովսկի մարզում։


Կրիվոյ Ռոգի հարակից Ռադուշնոյե գյուղում, քաղաքապետ Ալեքսանդր Վիլկուլի տվյալներով, զոհվել են վեց մարդ, այդ թվում՝ 5 և 12 տարեկան երկու աղջիկներ։ Վիրավորվել է ևս ութ մարդ, որոնց թվում են 6 և 15 տարեկան երկու տղաներ։


Հարձակման նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զգուշացրել էր հուլիսի 30-ի գիշերը Ռուսաստանի կողմից լայնածավալ օդային հարձակման բարձր հավանականության մասին։


Նրա խոսքով՝ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատար Անատոլի Կրիվոնոժկոն զեկուցել էր, որ ռուսական կողմը մի քանի օր շարունակ նախապատրաստել է այդ հարձակումը։


«Կարևոր է, որ մեր գործընկերները լիովին հասկանան իրավիճակը։ Մարդկանց կյանքերի պաշտպանությունն ուղղակիորեն կախված է հակաօդային պաշտպանության համար հրթիռներ տրամադրելու նրանց պատրաստակամությունից։ Սա առաջին հերթին վերաբերում է ԱՄՆ-ին և այն երկրներին, որոնք ունեն Patriot ՀՕՊ համակարգերի համար նախատեսված հրթիռներ և կարող են աջակցել մեր պաշտպանությանը»,- գրել է Զելենսկին սոցիալական ցանցերում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250