Քաղաքականություն

ԱՄՆ-ն կրկին ռմբակոծել է Իրանը․ պայթյուններ մի քանի քաղաքներում

ԱՄՆ-ն կրկին ռմբակոծել է Իրանը․ պայթյուններ մի քանի քաղաքներում

Ամերիկյան զինվորականները մի քանի օրվա դադարից հետո հայտարարել են Իրանի դեմ նոր հարվածների մասին՝ դրանք ներկայացնելով որպես պատասխան Թեհրանի՝ տարածաշրջանում տեղակայված ամերիկյան զորքերի վրա հարձակման փորձին։


Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հորդանանում ամերիկյան ռազմաբազայի վրա Իրանի հարձակումից հետո Վաշինգտոնը կհասցնի «շատ ուժեղ» պատասխան հարված։


«Այսօր Արևելյան ժամանակով ժամը 20:00-ին ԱՄՆ զինված ուժերը սկսել են հարվածներ հասցնել Իրանին։ Այս գործողությունները հզոր պատասխան են Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան զորքերի վրա իրանական հարձակման փորձին»,- X սոցիալական ցանցում հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։


CENTCOM-ը տեղեկացրել էր, որ «հզոր հարվածների շարքն» ավարտվել է։ Ըստ հաղորդագրության՝ թիրախավորվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) տասնյակ օբյեկտներ, այդ թվում՝ հրամանատարական կենտրոններ, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման հարթակներ, ինչպես նաև ափամերձ պաշտպանության ենթակառուցվածքներ։


Reuters-ը, հղում անելով իրանական լրատվամիջոցներին, հայտնում է, որ Իրանի հարավային մի շարք շրջաններում պայթյուններ են գրանցվել։ Պետական հեռուստատեսությունը հայտնել է Ահվազում տեղի ունեցած պայթյունների մասին, իսկ Tasnim գործակալության փոխանցմամբ՝ հրթիռային հարվածի տակ է հայտնվել նաև Քեշմ կղզու բնակելի թաղամասը։ Պայթյունի մասին հաղորդումներ են ստացվել նաև Բուշեհրից, որտեղ գտնվում է ատոմակայանը, որի կառուցման աշխատանքներին մասնակցում է Ռուսաստանը։


Սրանք ԱՄՆ-ի առաջին հարվածներն են այն բանից հետո, երբ նախագահ Թրամփը ուրբաթ օրը դադարեցրել էր 13 գիշեր անընդմեջ շարունակված փոխադարձ ռմբակոծությունները՝ բանակցությունների վերսկսման հնարավորություն ստեղծելու նպատակով։


Միաժամանակ Axios-ը գրում է, որ կողմերը շարունակում են հարվածների փոխանակումը արդեն տասներորդ գիշերն անընդմեջ, սակայն պահպանվում է նաև բանակցություններին վերադառնալու հնարավորությունը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250