Մոլդովայում բենզինի պաշարները կբավականացնեն 18 օր
Մոլդովայի էներգետիկայի կարգավորման ազգային գործակալությունը հայտնել է, որ երկրում առկա է բենզինի 18 և դիզելային վառելիքի 8 օրվա պաշար, ինչը հաջորդել է վառելիքի դեֆիցիտի պատճառով բերքահավաքի տապալման վերաբերյալ ֆերմերների հայտարարությանը։
Էներգետիկայի կարգավորման ազգային գործակալությունն իր տելեգրամյան ալիքով տեղեկացրել է, որ ուշադրությամբ դիտարկում է միջազգային, այդ թվում՝ Պարսից ծոցի տարածաշրջանի շուկայական զարգացումները, որոնք անորոշություն են ստեղծում նավթային շուկաներում ու ազդում միջազգային գնանշումների, մասնավորապես՝ Փլեթսի դինամիկայի վրա՝ անդրադառնալով նավթամթերքի գներին և մատակարարման պայմաններին։ Ըստ գործակալության՝ 2026 թվականի հուլիսի 20-ի դրությամբ պաշարները բավարարում են դիզելային վառելիքի համար 8 օր, իսկ բենզինի համար՝ 18 օր։
Մինչ այս Մոլդովայի խորհրդարանի կողմից հավանության էր արժանացել նավթամթերքի վթարային պաշարների ստեղծման նախագիծը, որոնք պետք է ապահովեին 61 օրվա սպառում։ Այս պարտադիր պաշարները պետք է համամասնական լինեն նախորդ օրացուցային տարվա ընթացքում ներմուծված նավթամթերքի ծավալներին։ Ընդ որում, վթարային պաշարների ընդհանուր ծավալի 75 տոկոսը բաժին է ընկնում բենզինին ու դիզելային վառելիքին։ Այդ պաշարների մոտ 60 տոկոսը պետք է պահվի երկրի ներսում, իսկ մնացած մասը թույլատրվում է պահեստավորել նաև պետության սահմաններից դուրս։
Իր հերթին «Ֆերմերների ուժ» ասոցիացիան ահազանգել է նավթամթերքի շուկայի ճգնաժամի պատճառով Մոլդովայում բերքահավաքի տապալման վտանգի մասին։ Մոլդովացի ֆերմերները պարբերաբար իրականացնում են բողոքի գործողություններ՝ տրակտորներով փակելով ճանապարհները։ Ամենաագրեսիվ ակցիաները ֆիքսվել են 2020 թվականին, երբ ագրարարները պահանջում էին Իոն Կիկուի կառավարության հրաժարականը, և նրանց տրակտորները կանգնեցվել էին անմիջապես խորհրդարանի շենքի աստիճանների մոտ։ Չնայած «Գործողություն և համերաշխություն» կուսակցության կառավարման շրջանում տնտեսական ճգնաժամի պատճառով ագրարարների վիճակն ավելի է վատթարացել, բողոքի ակցիաների սրությունը մեղմացել է։