Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մեկնարկի մասին
Եմենի հութիները հայտարարել են, որ սկսում են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակումը։ Այդ մասին հայտնում է Al Jazeera-ն։
«Մենք հայտարարում ենք ծովային շրջափակում հանցավոր սաուդյան թշնամու դեմ՝ առաջնորդվելով «ակն ընդ ական» սկզբունքով։ Որոշումն ուժի մեջ է մտնում այս հայտարարության հրապարակման պահից»,- ասել է հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարին։
Նրա խոսքով՝ Եմենի նավահանգիստների շրջափակումը և Սանայի միջազգային օդանավակայանին հասցված հարվածը չեն կարող անպատասխան մնալ։
«Եմենցիներն ունեն լիարժեք իրավունք՝ բոլոր հասանելի միջոցներով դիմակայելու այս անօրինական շրջափակմանն ու ագրեսիային»,- նշել է Սարին։
Անցյալ շաբաթ հութիների առաջնորդ Աբդուլ-Մալիք ալ-Հութին հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիան համագործակցում է ԱՄՆ-ի, Իսրայելի և Մեծ Բրիտանիայի հետ և ագրեսիվ քաղաքականություն է վարում Եմենի նկատմամբ։ Նա զգուշացրել էր, որ եթե Էր Ռիադը գնա լարվածության սրման, հութիները կհարվածեն թագավորության նավթային և այլ կենսական նշանակության օբյեկտներին։
Ավելի վաղ՝ հուլիսին, Եմենի կառավարությունը հայտարարել էր, որ հարված է հասցրել Սանայի միջազգային օդանավակայանին՝ նպատակ ունենալով կանխել Իրանից ժամանող ինքնաթիռի վայրէջքը, որով Թեհրանից վերադառնում էր հութիների պատվիրակությունը՝ այաթոլլա Ալի Խամենեիի հուղարկավորությունից։ Հութիները, սակայն, այդ հարձակման համար մեղադրել էին Սաուդյան Արաբիայի զինված ուժերին՝ հայտարարելով, որ Էր Ռիադի այդ գործողությունները «վերջ են դրել դեէսկալացիայի փուլին»։
Դրանից հետո հաղորդվել էր, որ հութիները բալիստիկ հրթիռներով հարվածել են Սաուդյան Արաբիայի հարավ-արևմուտքում գտնվող Աբհայի միջազգային օդանավակայանին։