Տխմար ստերի էջը պետք է փակվի. Վարդևանյանը` ՔԿ-ի հայտարարության մասին
Նարեկ Կարապետյանը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, տխմար ստերի էջը պետք է փակվի։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Նա, մասնավորապես, նշել է. «Քայլ 1. Հրապարակել տխմար սուտ,
Քայլ 2. Տխմար սուտի հիման վրա հարուցել քաղաքական քրեական վարույթ, բայց դրա մասին հայտարարել քաղաքական մարդու միջոցով ՆԱԽԱՊԵՍ,
Քայլ 3. Տարածել տխմար սուտը, շեղել ժողովրդին իրենց խայտառակ պահելաձևից:
Ամփոփում. Նարեկ Կարապետյանը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, տխմար ստերի էջը պետք է փակվի, ատելության էջը պետք է փակվի՝ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ»»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փաստաթուղթ էր հրապարակել և գրել․ «Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի՞ է»: Գրառմանը կից փաստաթղթում իրավաբանական անձի տվյալներ են, դրանում Նարեկ Կարապետյան անվան դիմաց գրված է՝ ՌԴ քաղաքացի:
Նարեկ Կարապետյանը գրառումից կարճ ժամանակ անց արձագանքել էր․ «Ալեն Ռոբերտովիչ, այդպիսի բաներ մի՛ արեք։ Ես Ռուսաստանի քաղաքացի չեմ, բացի ՀՀ քաղաքացիությունից ուրիշ քաղաքացիություն չեմ ունեցել, կյանքում Ռուսաստանում ավելի քիչ եմ ապրել, քան Անգլիայում կամ Շվեյցարիայում»։
Ավելի ուշ խնդրին անդրադարձել էր նաև ԿԸՀ–ն՝ նշելով, որ ԿԸՀ–ն ստուգել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համարի թեկնածու Նարեկ Կարապետյանի՝ միայն ՀՀ քաղաքացի լինելու վերաբերյալ փաստաթղթերը թեկնածուներին գրանցելու ընթացքում։ «ԿԸՀ կայքում հասանելի է ընտրություններին մասնակից բոլոր ուժերի ընտրական ցուցակների մասին տեղեկատվությունը։ Բոլոր այն թեկնածուները, որոնք գրանցված են ԿԸՀ կողմից, նշանակում է, որ ԿԸՀ-ն նախապես ստուգել է տվյալ անձանց վերաբերելի փաստաթղթերը՝ այդ թվում վերջին չորս տարում ՀՀ -ում մշտական բնակության և ՀՀ քաղաքացի լինելը փաստող փաստաթղթերը։ Այդ փաստաթղթերը թեկնածուներին տրամադրվում են ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից և փոխանցվել են ԿԸՀ»,- նշել էր ԿԸՀ խոսնակը։
Իսկ արդեն այսօր ՔԿ–ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Նարեկ Կարապետյանը դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը. «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 449-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելը)»,– նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։