Ո՞նց կարող է ԱՊՊԱ-ն էսքան թանկանալ, ո՞նց
Այս հարցադրումը վերջին ժամանակներս հաճախ է հնչում Auroranews-ի թեժ գծի հեռախոսահամարին ստացված զանգերի ժամանակ:
Վարորդները նշում են, որ թանկացումներն անտրամաբանական են, վթար չունեն, խնդիր չեն ստեղծել: Առավել դժգոհ են այն վարորդները, որոնք ԱՊՊԱ գումարը միանվագ մուծելու հնարավորություն չունեն: Եթե մաս մաս են վճարում, ավելի են տուժում: Ամեն անգամ ԱՊՊԱ անելիս 5 կամ 10-ը հազար դրամով ստիպված են ավելի վճարել:
Auroranews-ը վարորդների դժգոհության հետ կապված զրուցեց Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանի հետ:
-Ինչո՞վ է պայմանավորված ԱՊՊԱ գների բարձրացումը: Ասում են շուկան ազատականացվում է, բայց դա չի բխում վարորդների լավագույն շահից:
-Շուկայի ազատականացման կամ գների ազատականացման հիմնական պատճառը եղել է այն, որ նախ մեզ մոտ քանի որ ազատ շուկայական տնտեսություն է, և գները որոշում են մրցակցությամբ, մենք հավատացած ենք ու հավատացած էինք, որ այս դեպքում էլ մրցակցությամբ որոշելով գները կավելացնի արդյունավետություն: Մասնավորապես այն ժամանակ, երբ որ գները հստակ սահմանված են, երբ որ ինչ-որ ճնշում է լինում ինքնարժեքի վրա, մասնավորապես հատուցումների հետ կապված ծառայությունների և ապրանքների թանկացումը, կամ վնասների ծավալային աճը՝ կապված մեքենաների նորացման, նոր տեսակի էլեկտրոմոբիլների և այլնի ի հայտ գալու հետ, որի դեպքում հաճախ վերանորոգման փոխարինում, պահեստամասերի փոխարինում է լինում և այլն, և այլն: Պատահարներից հետո ճնշումը գնալով մեծանում էր այդ հատուցումների վրա, ապահովագրական ընկերություններն էլ ունենալով այսպես ասած սահմանափակում գների, բնականաբար ոչ այդքան նորմալ հատուցումներ էին իրականացնում, որը մեզ ստիպեց գնալ ազատականացման, թե իր մեծ լայն իմաստով ավելի մրցակցային և ավելի շուկայական դարձնելով ոլորտը և նաև հնարավորություն և ազդակ տալ, որպեսզի այդ հատուցումների ադեկվատությունը ավելին լինի և ավելի համարժեք լինի այդ վնասներին: Այս վերջին շրջանում էլ գրվել էր, որ աճ է եղել ապահովագրավճարների, էլի նույն պատճառներով է եղել, քանի որ պատահարների հաճախականությունը չի նվազում, դեռ մի բան էլ աճում է՝ հաշվի առնելով մեքենաների քանակի ավելացումը, նոր վարորդների, բնականաբար ի հայտ գալը, որոնք այդքան փորձառու չեն: Եւ ինչպես նշեցի հատուցումների, մեքենաների վերականգնման ծախսերի աճը անընդհատ, որը թե ընդհանուր գնաճի հետ է կապված, թե մեքենաների պարկի բարելավման, այդ ամեն ինչը ճնշում է գործադրում սակագների վրա ու վերանայվում է։ Նաև վերջին շրջանում եղավ ապահովագրական գումարների, այսինքն հատուցումների վերին շեմի բարձրացում, ինչպես տեղյակ եք, 1.8 միլիոնից գույքայինը՝ 2.5 միլիոն դարձավ, անձնականը՝ 3.3-ից-3.5 միլիոն և համապատասխանաբար բոլոր, եթե մի շարք մեքենաների և անձանց վնաս պատճառում՝ դրանց տասնապատիկը:
-Վարորդներ կան որոնք ի վիճակի չեն վճարելու: Ի՞նչ անի վարորդը, կամ մեքենան չպիտի վարի կամ առանց ԱՊՊԱ պիտի վարի:
-Սովորաբար ձեր նշած վարորդները, այն մեքենաների վարորդներն են, որոնք քիչ թե շատ հաճախակի պատահարների մեջ են հայտնվում որպես մեղավոր, և իրենք ավելի ռիսկային են, թե փաստից ելնելով հենց պատահարների մեջ հայտնվելու, թե ընդհանուր ռիսկերի գնահատման հաշվարկներից, այսինքն կանխատեսումներից ելնելով: Հիմա այդ մեքենաները, որոնք ավելի բարձր ռիսկային խմբում են հայտնվում, իրենք բնականաբար ավելի շատ վնաս են պատճառել կամ սպասվում է, որ կպատճառեն: Այսինքն իրենց փոխարեն այդ հատուցումները վճարվել է, դրա համար իրենց սակագինը բարձրացել է: Հիմա եթե ԱՊՊԱ համակարգը չլիներ, որի համար վճարը իրենք դժվարանում են վճարել, իրենք դրա փոխարեն տասնապատիկ, միգուցե ավելի, պետք է այլ անձանց ինչ-որ վնասները հատուցած լինեին ապահովագրական ընկերությունների փոխարեն, որը շատ ավելի դժվար և ծանր կլիներ նրանց համար ֆինանսապես և մնացած առումներով։
-Ես չունեմ գումար ասենք մեկ տարվա ԱՊՊԱ անելու, բայց անում եմ ենթադրենք ամիս-ամիս: Ամեն անգամ 10 000 կամ 5000 դրամով իմ ԱՊՊԱ-ն ավելացած է լինում։ Այս դեպքում ի՞նչ անի վարորդը, որովհետև ստացվում է, որ եթե տվյալ պահին այդ գումարը չկա, բայց կարգապահ վարորդ է, տուժվում է կրկնակի, եռակի:
-Սովորաբար կարգապահ վարորդ հասկացությունը որոշվում է երկու հանգամանքով. երբ որ սակագների հաշվարկը ձևավորվում է անհատական պատմությունից ելնելով, որը բոնուս-մալուս հանգամանքն է և խմբային պատմությունից ելնելով:Բոնուս-մալուսը առկա, այսպես ասած իրավիճակի ռիսկն է, որ այդ մարդը հենց հայտնվել է այդ պատահարի մեջ վերջերս կամ վերջին տարիներին,իսկ մյուսը ասենք կանխատեսվող ռիսկն է, այսինքն իրենց խմբային ռիսկն է: Օրինակ, եթե դու մեքենան վարում ես Երևանում, որտեղ շատ ավելին է շարժը, բնականաբար ռիսկերը ավելի բարձր են, անկախ նրանից, դու ինչքան էլ կարգապահես, քան նրանք, ովքեր ենթադրենք վարում են Տավուշի մարզում կամ ասենք Եղեգնաձորում՝ այնտեղ ակնհայտորեն գների տարբերություն կա: Այսինքն անկախ վարորդի անհատական վարքագծից այդ միջավայրն ազդում է ռիսկերի վրա: Հիմա եթե դու գումար չունես, որ տարեկան գնես, քանի որ երեք ամիս հետո աճում է գինը, այստեղ երկու տարբերակ կա: Կամ պետք է ուղղակի այսպես ասած համակերպվել դրա հետ ու ինչ-որ ծախսերի հաշվին՝ մի տեղ կրճատելով դա իրականացնել կամ ինչ-որ տարբեր տեսակի վարկային գծեր, տարբերակներ կան, որ կարելի է վերցնել միանգամից մեկ տարվա, մանավանդ, որ շատ մեծ գումարների մասին չէ խոսքը: Ամենաբարձր ռիսկայինն՝ այս պահին համարվում են եթե չեմ սխալվում ավտոբուսները և աղբատար մեքենաները. այս դեպքում էլ՝առավելագույնը 300 հազար դրամ է կամ մի փոքր ավելի: Այսինքն հնարավոր է ինչ-որ վարկային գծերով գնել, որպեսզի գոնե մի տարի այսպես ասած գինը երաշխավորված լինի:
-Առաջիկայում, 2027-28 թթ-ն, ԱՊՊԱ գների իջեցում կամ նվազում հնարավոր լինելու է, թե ոչ:
Պատասխան. Առաջիկայում, կարճ ժամանակահատվածում ես մի քիչ կասկածում եմ, որ կարող է լինի, բայց ես ասեմ ի՞նչ պարագայում է հնարավոր գների իջեցում: Գների իջեցման համար պետք է, որ վթարների հաճախականության կրճատում լինի, և երկրորդ հանգամանքը՝ գների ընդհանուր նվազում։Մեքենաների քանակն ու նոր վարորդների ի հայտ գալը այդ հաճախականությունը բարձրացնում է, բայց դրա նվազմանն էլ հնարավոր է հասնել։Դրա վրա ազդող գործոնները իրականում երեքն են՝ մարդկանց կարգապահությունը, այսինքն վարորդների, մեքենաների վիճակ և ճանապարհների կարգավորումների բարելավում: Այս երեք հանգամանքն են, որ կարող են դրա վրա ազդել, ընդ որում վերջին կետը շատ ավելի կարևոր է և վարորդների վարքագիծը։ Մենք հիմա ԱՊՊԱ համակարգի ռազմավարությամբ, որոշակի քայլեր նախատեսել ենք այդ երեք ուղղություններով, որպեսզի հնարավոր լինի պատահանները մի քիչ կրճատել, որ այդ սակագները, եթե նույնիսկ չնվազնեն, նաև չավելանան: Բայց դա, միանգամից լուծվող խնդիր չէ, լավ պատկերացնում եք:
