Զորամասերում եկեղեցապատկան գույքի վաճառքի մասին պնդումը մոլորեցնող է. Civilnet
Civic.am-ը հունվարի 30-ին հրապարակել է «Կտրիճ Ներսիսյանը հանձնարարել է վաճառել զորամասերում առկա եկեղեցապատկան գույքը․ բացառիկ» վերտառությամբ հոդված։
Հետախույզի ձեռքի տակ է հայտնվել գնդերեցների ներքին նամակագրությունը, որտեղ ակնհայտ է դառնում, որ Կտրիճ Ներսիսյանը հանձնարարել է վաճառել զորամասերում առկա եկեղեցապատկան գույքը, փոխանցում է Civic.am-ը։
Ըստ կայքի՝ խեղաթյուրելով պաշտպանության նախարարի հրամանը նա փորձ է անում դուրս բերել հոգևորականներին զինված ուժերից,- գրում է Civilnet-ը:
«Հետախույզի ձեռքի տակ է հայտնվել գնդերեցների ներքին նամակագրությունը, որտեղ ակնհայտ է դառնում, որ Կտրիճ Ներսիսյանը հանձնարարել է վաճառել զորամասերում առկա եկեղեցապատկան գույքը»,- գրել է Civic.am-ը՝ որպես ապացույց հրապարակելով նշված նամակագրության էկրանապատկերը։
Ինչ է իրականում հանձնարարել կաթողիկոսը
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ստորագրել է հրաման, ըստ որի՝ փետրվարի 1-ից դադարեցվում է ՀՀ Զինված ուժերում հոգևոր ծառայության առաջնորդի և Հայաստանյայց առաքելական եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեությունը ՀՀ ՊՆ համակարգում։ Այսուհետ հոգևոր ծառայությունը համակարգվելու է Զինված ուժերի Գլխավոր շտաբի բարոյահոգեբանական վարչության կողմից և իրականացվում է զորամասի հրամանատարի ենթակայությամբ։
Civic.am-ի հրապարակած էկրանապատկերում առկա նամակագրության մեջ հոգևորականներին տրվում են ցուցումներ՝ ինչպես վարվել առաջնորդարանին պատկանող գույքի հետ՝ զորամասերում հոգևոր ծառայության դադարեցման հետ կապված։
Նամակագրության մեջ նախ նշվում է, որ մինչև փետրվարի 1-ը անհրաժեշտ է զորամասերից, մատուռներից և եկեղեցիներից դուրս բերել Հոգևոր առաջնորդությանը պատկանող գույքը, մասնավորապես՝ առաջնահերթությամբ եկեղեցական թանկարժեք սպասքն ու իրերը (սկիհ, բուրվառ, մաղզմա, քշոց, ինչպես նաև Աշոտ Երկաթի ձեռաց խաչերը և Հոգևոր առաջնորդության կողմից գնված գույքը)։ Նշվում է, որ այդ գույքը պետք է տեղափոխվի Մայր Աթոռ, քանի որ պահեստավորման հնարավորություն չկա։
Այնուհետև նշվում է.«Իսկ կենցաղային տեխնիկան և գույքը՝ փոխադրումների մեծ ծախսերից խուսափելու համար, առավել նպատակահարմար է, որ տեղում փորձեք վաճառել և ստացված գումարը փոխանցել առաջնորդությանը կամ առաջարկեք այլ նպատակահարմար լուծում»։
Փաստացի հրապարակված էկրանապատկերից պարզ է դառնում, որ վաճառքը վերաբերում է ոչ թե ամբողջ եկեղեցապատկան գույքին, այլ միայն կենցաղային տեխնիկայի և ոչ ծիսական գույքի հնարավոր վաճառքին։
Եկեղեցին Civic-ի «բացառիկ» նամակագրությունը արտառոց չի համարում
#CivilNetCheck-ի հետ զրույցում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ գնդերեցներին ուղղված ծանուցման մեջ որևէ արտառոց բան չկա։ Նրա խոսքով՝ քանի որ Զինված ուժերում դադարեցվում է հոգևոր առաջնորդության ծառայությունը, գնդերեցներին պարզապես ծանուցվել է դուրս բերել հոգևոր առաջնորդությանը պատկանող գույքը։
Ինչ վերաբերում է կենցաղային տեխնիկայի և գույքի վաճառքին՝ Տեր Եսայի քահանա Արթենյանը պարզաբանեց, որ խոսքը վերաբերում է հոգևորականների անձնական գույքին։
«Գնդերեցն իր ծառայության վայրում, որտեղ ապրել է, կենցաղային գույք է գնել իր կեցության համար՝ սառնարան կամ որևէ այլ պարագա, խոսքը դրա մասին է, իրենց անձնական կամ կենցաղային գույքի մասին»,- ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Այսպիսով, Civic.am-ի պնդումը, թե կաթողիկոսը հանձնարարել է վաճառել եկեղեցապատկան գույքը, մոլորեցնող է։ Անգամ կցված էկրանապատկերից պարզ է դառնում, որ խոսքը վերաբերում է միայն կենցաղային տեխնիկայի և ոչ ծիսական գույքի հնարավոր վաճառքին։
Ավելի վաղ Auroranews-ը հղում կատարելով Civic.am-ին Կտրիճ Ներսիսյանը հանձնարարել է վաճառել զորամասերում առկա եկեղեցապատկան գույքը վերտառությամբ հրապարակում էր արել որտեղ նշված էր, որ հետախույզի ձեռքի տակ է հայտնվել գնդերեցների ներքին նամակագրությունը, որտեղ ակնհայտ է դառնում, որ Կտրիճ Ներսիսյանը հանձնարարել է վաճառել զորամասերում առկա եկեղեցապատկան գույքը:
