Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ  ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հունվարի 14-ին Ադրբեջանից Հայաստան վերադարձած չորս հայերի առողջական վիճակին։


Նախարարը տեղեկացրել է, որ նրանց առողջական վիճակը մշտադիտարկվում է, իսկ անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրվում է պետության կողմից։ Ինչ վերաբերում է ԼՂ-ից վերադարձած 10 հայերի և ազգությամբ ռուս ՀՀ մեկ քաղաքացու առողջական վիճակին, ապա, ըստ նախարարի, ոչ բոլորն ունեն բուժօգնության կարիք, իսկ բուժօգնության անհրաժեշտություն ունեցողների դեպքում կազմակերպչական աշխատանքները իրականացվել են և շարունակում են իրականացվել՝ ըստ կարիքի։


«Քաղաքացիներին չեմ այցելել, որովհետև այս պահին առիթ չի եղել, բայց կարծում եմ՝ կունենամ առիթ»,- հավելել է նա։


Թե քանի անձ է ներկայումս գտնվում բուժհաստատություններում, նախարարն չմանրամասնեց՝ նշելով միայն, որ նրանց վիճակը բավարար է, հետազոտման փուլն անցել են, և ընթացիկ խնդիրների դեպքում համապատասխան աշխատանքները կկազմակերպվեն առաջիկայում։


Հիշեցնենք՝ 2026 թվականի հունվարի 14-ին Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը փոխանցել է Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքջյանին և Վագիֆ Խաչատրյանին։


Հավելենք՝ Վագիֆ Խաչատրյանը գերեվարվել էր 2023 թվականի հուլիսին՝ Հակարիի կամրջի մոտ, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Ղարաբաղից մեկնում էր Հայաստան՝ բուժման նպատակով։ 2025 թվականի դեկտեմբերի վերջին տեղեկություններ էին տարածվել, որ նրա առողջական վիճակը Բաքվի բանտում վատացել է, և նա տեղափոխվել է հիվանդանոց։


Օրեր առաջ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ Ադրբեջանի Հանրապետությունում մինչ այժմ բնակվող 10 հայ և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի և Հայաստանի համապատասխան մարմիններին՝ Հայաստան տեղափոխվելու խնդրանքով։ Նշված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն, իսկ նախարարի խոսքով՝ 10 հայրենակիցների առողջական վիճակը բավարար է։