Խախտումներից մինչև առողջական տվյալներ. ամբողջական տեղեկատվությունը հասանելի կլինի ոստիկանին

Ներքին գործերի նախարարությունում գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, ներկայացվել է Քրեական և Համայնքային ոստիկանությունների ֆունկցիոնալի թվայնացման ծրագիրը։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է Համայնքային և Քրեական ոստիկանությունների թվայնացման գործընթացով։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ ներկայում ոստիկանության ծառայողների մոտ առկա են բազմաթիվ թղթեր, գրքույկներ և փաստաթղթեր՝ անձանց անուն-ազգանուններով։ Նրա խոսքով՝ հնարավոր է ունենալ անձի վերաբերյալ ամբողջական տվյալներ, սակայն իրական ժամանակում տեղի ունեցող դեպքերի ընթացքում տվյալ անձը ամբողջական պատկերով չի ճանաչվում։


«Մենք միգուցե անձի հետ կապված ամբողջական տվյալ ունենանք, բայց երբ իրական ժամանակում կա դեպք, մենք այդ անձին չենք ճանաչում իր բոլոր դետալներով․ արդյոք անձը հաշվառված է որպես հոգեկան առողջական վիճակի հետ խնդիր ունեցող, արդյոք նա ալկոհոլամոլության հետ կապված խնդիրներ ունի, թե՝ ոչ, առհասարակ մեր տեսադաշտում հայտնվել է, թե՝ ոչ, ունի՞ վարչական խախտումներ, այլ զանցանքներ։ Այս ամբողջ տվյալներն անձի տրամաբանության մեջ Համայնքային ոստիկանությունն այլևս կարողանալու է ունենալ։ Սա, մեր տեսանկյունից, լինելու է հիմնական համակարգ, որովհետև սրան կգումարվի Պարեկային ծառայության տեղեկատվությունը, հետո արդեն՝ Քրեական և Համայնքային ոստիկանությունները պետք է հասկանան՝ ինչ լրացուցիչ աշխատանք պետք է տանեն անձանց հետ», – ասել է նախարարը։


Վարչապետը նկատել է, որ այդպիսով կձևավորվի ընդհանուր պլատֆորմ, որտեղ ոստիկանության մարմինները կունենան իրենց հասանելիության բանաձևերը։


Արփինե Սարգսյանի խոսքով՝ ներգերատեսչական տեսանկյունից դրական է այն, որ ամենաբարդ պլատֆորմի՝ Համայնքային ոստիկանության թվայնացման գործընթացն ամբողջովին պատրաստ է, որը նաև արհեստական բանականության կիրառման հնարավորություն կունենա։ Նա նշել է, որ զուգահեռ իրականացվում է նաև Քրեական ոստիկանության բաղադրիչի մշակումը՝ քրեական ոստիկանների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ հավելելով, որ Պարեկային ոստիկանության բաղադրիչն ամբողջությամբ թվայնացված է։


Քննարկման ընթացքում ընդգծվել է նաև կրթական բաղադրիչի դերի բարձրացումը և առաջիկա ծրագրերը ՆԳՆ կրթահամալիրի ընդլայնման ուղղությամբ, ինչպես նաև մարդկային ռեսուրսների կառավարման մոտեցումները։ Մասնակիցները անդրադարձել են հիբրիդային սպառնալիքներին և ՆԳՆ դերակատարությանը, կարևորվել է նաև հանրային հաղորդակցության դերը։

Քաղաքականություն

Պատահարներ