Մեր իշխանության օրոք մենք նախ կտրուկ փոքրացրել ենք արտագաղթի տեմպը․ Ռուբեն Ռուբինյան
ՀՀ քաղաքացիների սահմանահատումների վիճակագրությունը վարվում է 2010 թվականից։ Այսինքն 16 տարի, որից 8֊ում իշխանության են եղել նրանք, մյուս 8֊ում՝ մենք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
«ՍերԺ Սարգսյանի և ՀՀԿ իշխանության 8 տարիներիին, երբ ռուսաստանցի բիզնեսմենի հարազատ եղբայրը սկզբից Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն էր, հետո՝ ՀՀԿ պատգամավոր, պատկերը հետևյալն էր։
• 2010 → -57,240
• 2011 → -49,126
• 2012 → -47,636
• 2013 → -39,639
• 2014 → -47,074
• 2015 → -47,668
• 2016 → -54,031
• 2017 → -36,201
Այսինքն այս 8 տարիներին ամեն տարի ավելի շատ քաղաքացի է լքել մեր երկիրը, քան վերադարձել է, իսկ հանրագումարում այդ 8 տարիներին 378,615 քաղաքացի ավելի է լքել Հայաստանը, քան վերադարձել է։
ՔՊ իշխանության օրոք պատկերը եղել է հետևյալը.
• 2018 → -4,585
• 2019 → -6,529
• 2020 → +42,786
• 2021 → -73,571
• 2022 → -27,941
• 2023 → -36,512
• 2024 → -14,932
• 2025 → +8,660
2020֊ի չափազանց դրական և 2021֊ի չափազանց բացասական թվերը թվականներն անոմալիա են, որովհետև 2020 թվականին Կովիդով պայմանավորված շատերը մնացել են ՀՀ֊ում, իսկ 2021֊ին՝ սահմանափակումների վերացման արդյունքում, շատերը միանգամից գնացել են։
Իսկ ընդհանուր թվով այս 8 տարիներին քաղացիների սահմանահատման հաշվեկշիռը կազմել է ֊112,570՝ այսինքն նախկինների իշխանության տարիների համեմատ 3 անգամ քիչ։ 3 անգամ։
Բայց ավելի լավ լուր էլ կա՝ 2025 թվականին առաջին անգամ ավելի շատ քաղաքացի է մուտք գործել Հայաստան, քան դուրս է եկել՝ +8,660։ Սա ներգաղթի լավագույն ցուցիչն է։
Ընդհանրապես, ցանկացած կառավարության գործունեության գնահատման ամենաճշգրիտ չափանիշը հենց սա է՝ քաղաքացիները ուզում են մնալ ու ապրել երկրում, թե՞ ուզում են արտագաղթել։
Սերժ Սարգսյանի ու ռուսաստանցի բիզնեսմենի ընտանիքի իշխանության բոլոր տարիներին, երբ նրանք մեծ֊մեծ խոսում էին հայրենասիրությունից ու ազգային արժեքներից՝ զուգահեռաբար մեծացնելով իրենց ընտանեկան բյուջեները, մարդիկ հուսահատված ընտրում էին գաղթի ճանապարհը։
Մեր իշխանության օրոք մենք նախ կտրուկ փոքրացրել ենք արտագաղթի տեմպը, ապա ապահովել ենք ներգաղթ։
Ու սրա հետ անհնար է վիճել, որովհետև փաստերը համառ բան են»,- գրել է նա։





























