Պաշտպանը պահանջել է առերես հարցաքննություն Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով
Այսօր՝ հունվարի 23-ին, Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործի քննության ընթացքում մեղադրյալ Նարեկ Օհանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը հայտարարել է, որ քրեական վարույթով հանրային մեղադրող և նախաքննության ընթացքում որպես հսկող դատախազ հանդես եկող Շահբազյանը անաչառ չի եղել գործով ճշմարտությունը բացահայտելու հարցում։
Պաշտպանի խոսքով՝ վարույթն իրականացնող մարմինը չի ապահովել համակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, քննությունը իրականացվել է անհասկանալիորեն շտապ և հապճեպ, իսկ մեղադրական եզրակացությունը կազմվել և հաստատվել է առանց անհրաժեշտ քննության։
Նա նշել է, որ գործը մեծ հասարակական հնչեղություն ունի, և հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներում քննարկվել են սպանության հնարավոր տարբեր վարկածներ, այդ թվում՝ պատվիրված լինելու, պատվիրատուների չհայտնաբերման և սպանության՝ Վոլոդյա Գրիգորյանի պաշտոնական դիրքի կամ քաղաքական գործունեության հետ կապ ունենալու վերաբերյալ։
Վահան Հովհաննիսյանի խոսքով՝ այդ վարկածների առկայությունը կամ բացակայությունը պարզելու համար պետք է իրականացվեր բազմակողմանի քննություն, սակայն վարույթի շրջանակում որևէ այլ վարկած առաջ չի քաշվել, չեն իրականացվել համապատասխան քննչական կամ ապացուցողական գործողություններ և չեն կայացվել դատավարական որոշումներ։
Պաշտպանը ընդգծել է, որ վարույթն իրականացնող մարմինը սկզբից ևեթ առաջ է քաշել միայն մեկ վարկած՝ վրեժի շարժառիթով սպանությունը, նշանակել է երկու մեղավոր և ողջ քննությունն իրականացրել է բացառապես այդ վարկածի շրջանակում։ Նրա խոսքով՝ հսկող դատախազի կողմից նույնպես չեն տրվել հանձնարարություններ՝ քննության համակողմանիությունն ապահովելու նպատակով։
Վահան Հովհաննիսյանը նշել է, որ դեռևս այն փուլում, երբ սպանության շարժառիթը և կատարողը պարզված չեն եղել, գործով առաջ է քաշվել վենդետայի վարկածը՝ առանց փաստական հիմքերի ստուգման։
Պաշտպանը նաև միջնորդել է Նարեկ Օհանյանի և մյուս մեղադրյալ Գևորգ Հարությունյանի միջև առերես հարցաքննություն անցկացնելու համար՝ նշելով, որ նրանց ցուցմունքներում առկա են լուրջ հակասություններ, մասնավորապես բենզինի շշի ձեռքբերման և կիսակառույց տան բակում գտնվելու վերաբերյալ։
Նրա խոսքով՝ առերեսման միջնորդությունը մերժվել է, քանի որ առերեսման ընթացքում կարող էին ի հայտ գալ փաստական տվյալներ, որոնք կարող էին հերքել Նարեկ Օհանյանի մեղավորությունը և հանգեցնել քրեական հետապնդման դադարեցման։
Նմանատիպ հոդվածներ
Բքի պատճառով Սյունիքի 40 դիմորդ չի կարողացել ներկայանալ քննության. մանրամասներ
Այսօր Սյունիքի մարզում տիրող անբարենպաստ եղանակի և փակ ճանապարհների պատճառով 40 դիմորդ չի կարողացել հասնել քննական կենտր...
Մենք կրկին ունենք աշխատատեղերի թվի ռեկորդ. Արսեն Թորոսյան
Որոշ քաղաքական ուժեր, որոնք իրենց նոր են համարում, թեև ամբողջովին հին են, խոստանում են 300.000 աշխատատեղ ստեղծել։ Մենք ա...
Ինչպես են Երևանում իրականացվել հունվարի 23-ի ձյան մաքրման աշխատանքները. Արեյանը մանրամասնել է
Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը մանրամասնել է հունվարի 23-ին մայրաքաղաքում իրականացված ինտենսիվ ձյան մաքրման ա...
ՆԳ նախարարը` 2025 թվականին կատարված սպանությունների մասին
Ներքին գործերի նախարարության 2025 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ընթացքում նախարար Արփինե Սարգսյանը հայտ...