Բացառում եմ, որ լինի որևէ ընդդիմադիր պատգամավոր որի բարեկամներից մեկն արտոնություններից ստացած չլինի. Փաշինյան
Ասում են՝ կառավարությունը արտոնություն տվեց ծանոթին ու բարեկամին, հիմա ասեք, իրենք արտոնություն ստացած ողջ ցուցակի քանի՞ տոկոսն են կազմում. Նիկոլ Փաշինյանը՝ արտոնություններ տալու մասին:
Հարկային օրենսդրությունների վերաբերյալ հետաքրքիր վերնագրեր կան, թե կառավարությունը արտոնություն տվեց բարեկամին, ծանոթին և այլն: Հիմա եկեք նայենք, այդ անուններն արտոնություն ստացածների քանի՞ տոկոսն են: Այս արոնությունների համակարգը կոչվում է գերակա ոլորտում մաքսային արտոնություններ տրամադրելու մասին, հազարավոր գործարարներ այդ արտոնությունը ստացել են՝ այդ թվում ընդդիմության հետ կապված գործարարներ: Կառավարության կարգավորումներն այնպիսին են, որ համակարգն աշխատում է ինքնաշխատ համակարգով: Այս մասին իր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կա մոդուլ՝ գործարարները և ընկերությունները իրենց տվյալները լրացնում են ու ներկայացվում են արտոնությունից օգտվելու: Կառավարության միակ դերը՝ ստուգելն է, արդյոք իրենց դրած տվյալները համապատասխանում են իրականությանը, թե՞ ոչ: Եթե համապատասխանում են՝ կառավարությունը իրավունք չունի այդ արտոնությունը չտալու»,- նշել է նա:
Անդրադառնալով արտոնություններ ստացած գործիչներին՝ Փաշինյանը նշեց, որ քննարկվող անունները կան արտոնություններ ստացած անձանց մեջ, բայց նրանք 2 տոկոսն են կազմում ողջ ցուցակի. «Դուք տալիս եք կամայական անուններ, ձեր նշած անունները արտոնություններ ստացած 1,000-ավոր ընկերությունների 2% են: Եթե այդ ընկերությունների մեջ կան այնպիսիք՝ որ ինձ բարեկամ են, ապա համոզված եղեք, որ կան նաև ձեզ բարեկամներ: Ես բացառում եմ, որ լինի որևէ ընդդիմադիր պատգամավոր ու քաղաքական գործիչ, որի բարեկամներից մեկը այդ արտոնություններից ստացած չլինի: Այո, տվել ենք ու էլի կտանք»:






























